11:37 | 26.04.24 | Նորություններ | 15163
Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են նպաստել մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը:
Թիրախում հատկապես սահմանապահ ու սահմանամերձ գյուղերն են: Տարիների գործընկերներն ամփոփել են հերթական նախագծի արդյունքը: «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Երասխ գյուղի մանկապարտեզում տեղադրվել է 25 կՎտ/ժամ դրվածքային հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայան: Այն կապահովի բավարար քանակի հոսանք՝ էլեկտրական կաթսաների միջոցով ջեռուցման համար: Այլընտրանքային էներգիայով աշխատող կայանից կարող են սնվել նաեւ հոսանքակիր սարքավորումներ, որի արդյունքում մանկապարտեզը հոսանքի ծախս չի ունենա: Համակարգի գործարկմանը ներկա են եղել Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Գործընկեր կազմակերպությունների իրականացրած ծրագիրը ոչ միայն ջեռուցման հարցի կարգավորում է, այլեւ՝ ռազմավարական տեսանկյունից արդարացված ու սպասված աջակցություն: Երասխում երկար տարիներ մանկապարտեզ չի գործել: Երեխաներին ընդունել է նախադպրոցական կրթական գործունեության իրավունք ստացած դպրոցն՝ իր նախակրթարանում: Չորս տարի առաջ դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցվել է մանկապարտեզի համար:
«Երասխում մարդիկ պետք է ապրեն այն վստահությամբ, որ մենակ չեն: Մեզ համար սա հերթական այց եւ ծրագիրը գնահատելու հնարավորություն է, իսկ սահմանապահ գյուղում ապրողների համար՝ երկարաժամկետ արդյունք ապահովող կարեւոր աջակցություն: Մենք տեսնում ենք ծրագրի էմոցիոնալ կողմը՝ մարդկանց գոհունակությունը, իսկ բնակիչները՝ ռացիոնալ կողմը՝ այլընտրանքային էներգիայով ջեռուցվող սենյակները, հոսանքի ծախսի կրճատումը եւ աջակցությունը մանկահասակ երեխա ունեցող ընտանիքներին: Սահմանապահ գյուղերում իրականացվող ցանկացած ծրագիրը կարեւոր է: Դա է նաեւ պատճառը, որ մենք հետեւողականորեն տարեցտարի նպաստում ենք նոր տեխնոլոգիաներով աշխատող ենթակառուցվածքների ներդրմանը: Երկրում զարգացումը պետք է հավասարապես ներառի մարզերը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերը եւ ակտիվացնել բնակիչների կյանքը։ Արեւային կայանների արտադրած էներգիան թույլ կտա առանց հավելյալ ծախսերի ապահովել մանկապարտեզի բնականոն աշխատանքը: Ավելին՝ հնարավոր կլինի ավելացնել սաների թիվը, նոր խումբ բացել եւ օգտակար լինել նաեւ մոտակա գյուղերում ապրող ընտանիքներին:
«Հայաստանի սահմանամերձ գյուղերը մշտապես մեր հիմնադրամի եւ գործընկեր կազմակերպությունների հատուկ ուշադրության ներքո են: Թե´ լուսավորության համակարգերը, թե´ դրանց հաջորդող՝ արեւային կայանները կենսական կարեւորություն ունեն սահմանապահ համայնքների համար։ Ուրախ ենք, որ այսօրինակ ծրագրերով հաղթահարվում են համայնքների համար օրակարգային հարցեր եւ նախակրթարաններն ապահովվում են ջեռուցմամբ՝ առանց հավելյալ ծախսերի: Այսօր գործարկվող արեւային կայաններով արտադրած էներգիան թույլ կտա ապահովել Երասխի մանկապարտեզի բնականոն աշխատանքը»,- ասել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Երասխն «Էկոգյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված հերթական բնակավայրն է: Համատեղ իրականացվող ծրագիրը հնարավորություն է տալիս այդ գյուղերն ինտեգրելու մի գործընթացում, որի հիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն են: