17:18 | 12.04.24 | Նորություններ | 1625
Ապրիլի 12-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում բացել է Co-creation lab ստեղծարար տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիա։
Այն բացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։
Լաբորատորիայի նպատակն է ընդլայնել մարզի երիտասարդների ներուժը՝ տրամադրելով հարթակ, որտեղ նրանք կարող են ձեռք բերել նոր հմտություններ եւ ստեղծել թվային արտադրանք՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը։
Լաբորատորիայի շնորհիվ մարզում երիտասարդները հնարավորություն կունենան աշխատել թվային արվեստի, անիմացիայի, մուլտիմեդիա նախագծերի ոլորտներում, ինչպես նաեւ մասնակցել տարաբնույթ տեխնոլոգիական հաքաթոնների, սեմինարների եւ աշխատաժողովների։
«Սիսիանում գտնվող այս ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիան տեղական, բայց ազգային նշանակություն ունեցող կարեւոր հարթակ է, որը համախմբում է երիտասարդներին՝ ազատություն տալու իրենց ներուժին եւ ներգրավվելու համայնքային խնդիրների լուծման գործում: Երբ տեղական մարմինները, կառավարությունը, մասնավոր հատվածը եւ զարգացման գործով գործընկերներն աշխատեն միասին, մենք կարող ենք հասնել այն ամենին, ինչին բոլորս ձգտում ենք՝ օգնել երիտասարդներին դառնալ դրական փոփոխությունների ուժ Սյունիքում եւ նրա սահմաններից դուրս»,- նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Սիլվիա Մեստրոնին։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ղեկավար Բելլա Հարությունյանը բացման միջոցառման ընթացքում նշեց, որ սա հիմնադրամի կողմից բացված 2-րդ լաբորատորիան է, որի հիմնական նպատակն է զարգացնել մարզերում երիտասարդների ներուժը։ «Այս պիոներական նախաձեռնությունը ստեղծել է ձեռնարկատերերի, նորարարների եւ տեխնոլոգների մի էկոհամակարգ՝ առաջ մղելով տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական զարգացումը: Մեր կողմից հաջողված այց մոդելը մենք կրկնօրինակել ենք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Այս ընդլայնման նպատակն է օգտագործել տեղի երիտասարդության չբացահայտված ներուժը՝ զարգացնելով մի միջավայր, որտեղ երիտասարդները տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ կզարգացնեն հմտությունները եւ կստեղծեն թվային արտադրանք՝ ի վերջո նպաստելով Սյունիքի մարզի զարգացման ավելի լայն հեռանկարներին։ հատկանշական է, որ լաբորատորիան բացում ենք Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում ՝ ձեւավորելով միջոլորտային համագործակցության եւս մեկ հանգրվան»,- նշեց նա։
Բացման արարողությունը ներառում էր նաեւ «Նորարարության ներուժը Սյունիքում» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՁԻՀ-ի կողմից առաջին անգամ ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա է հիմնադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։