13:12 | 12.04.24 | Նորություններ | 15984

Yandex Armenia-ի ղեկավար է նշանակվել Արամ Մխիթարյանը

Yandex Armenia-ի ղեկավար է դարձել Արամ Մխիթարյանը. նա պատասխանատու կլինի ընկերության կառավարման եւ երկրում ծառայությունների էկոհամակարգի զարգացման համար, ինչպես նաեւ Yandex-ի տեխնոլոգիաների եւ միջազգային փորձի հիման վրա Հայաստանում նոր հնարավորություններ կստեղծվի օգտատերերի եւ բիզնեսի համար։

Արամ Մխիթարյանը ձեռնարկատեր է, Helix-ի հիմնադիրն ու նախկին ղեկավարը, ինչպես նաեւ IUNetworks-ի նախկին ղեկավարը։

«Ուրախ եմ, որ իմ փորձը կօգնի զարգացնել միջազգային Yandex-ի բիզնեսը Հայաստանում՝ հաշվի առնելով մեր քաղաքների կառուցվածքային առանձնահատկությունները, մշակույթը, ավանդույթներն ու մեր ժողովրդի սովորույթները։ Պատասխանատու եմ լինելու երկրում արդեն իսկ գործող ծառայությունների զարգացման համար, ինչպես նաեւ լավագույն փորձը հիմք ընդունելով՝ փորձելու եմ զարգացնել քաղաքային միջավայրն ու նոր հնարավորություններ ստեղծել երկրում գործող ընկերությունների համար»,- ասել է Արամ Մխիթարյանը։

Yandex Armenia-ն ներկայացված է օնլայն տաքսի պատվիրելու, առաքման եւ սննդի, գեոլոկացիոն ու ժամանցային ծառայություններով, ինչպես նաեւ կրթական նախագծերով։ Ընկերությունը զբաղվում է նաեւ նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ եւ ներդրմամբ, որոնք ուղղված են օգտատերերի կյանքի բարելավմանը եւ երկրում թվային միջավայրի զարգացմանը: