17:05 | 11.04.24 | Նորություններ | 1347

Ինստիգեյթն ամփոփել է AMADEE-24 ծրագրում կատարած աշխատանքը

Հայաստանում ամփոփվել է «AMADEE-24» մարսյան անալոգային առաքելությունը։

Ծրագիրն իրականացվում է 2-3 տարին մեկ՝ տարբեր երկրներում սիմուլացնելով տիեզերական ռոբոտների եւ տիեզերագնացների կյանքը Մարսյան միջավայրում։

Այս տարի ծրագրի իրականացման համար ընտրվել էր Հայաստանը՝ Արարատի մարզը։ Այստեղ մոդելավորված մարսյան կայանում մի քանի շաբաթ շարունակ մեկուսացել էր Հայաստան ժամանած 6 անալոգային տիեզերագնաց, որոնք այս ժամանակահատվածում իրականացրել են տարբեր գիտափորձեր, փորձարկել տիեզերական տեխնոլոգիաներ, ռոբոտներ ու մարսագնացներ։

Այս աշխատանքների արդյունքում հավաքագրվել են արժեքավոր գիտական տվյալներ, որոնց հետագա վերլուծությունը կնպաստի դեպի Մարս՝ մարդու ապագա իրական թռիչքների նախապատրաստությանը։

Ծրագիրը կյանքի է կոչվել Ավստրիական տիեզերական ֆորումի եւ Հայկական տիեզերական ֆորումի սերտ համագործակցության շնորհիվ՝ «Հայաստանի աերոտիեզերական գործակալության» եւ ավելի քան երեսուն գործընկերների ջանքերի շնորհիվ։

Որպես ռազմավարական գործընկեր՝ ծրագրի աշխատանքներին է միացել հայկական «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցը՝ ի դեմս «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն» հիմնադրամի եւ «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի։

photo © Instigate


«Մոտ 7 տարի շարունակ «Ինստիգեյթ»-ը զբաղվում է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում միկրոէլեկտրոնային համակարգերի մշակմամբ՝ աշխատելով ֆրանսիական, իսպանական ընկերությունների հետ։ Քանի որ «Իրական դպրոց»-ն էլ ուսուցումը կազմակերպում է իրական նախագծերի հիման վրա, մեզ շատ հոգեհարազատ էր ոլորտը եւ միջավայրը, ուստի որոշեցինք ծրագրի ռազմավարական գործընկերը դառնալ»,- նշել է «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի եւ «Իրական դպրոց» հիմնադրամի տնօրեն Արման Պողոսյանը։

Գիտահետազոտական կենտրոնն աջակցել է Հայաստանում առաքելության համար ընտրված տարածքի եռաչափ մոդելավորման եւ դրա հիման վրա բացառիկ ճշգրիտ բարձրությունների քարտեզի ստեղծման գործում։

«Իրական դպրոց»-ի ուսանողներն առաքելության ամբողջ ընթացքում ապահովել են տարածքի արտաքին անվտանգությունը՝ իրականացնելով 24-ժամյա հերթապահություն «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության կողմից ստեղծված կառավարման կենտրոնում, կիրառելով բազմաթիվ թվային լուծումներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր եւ այլ տեսահսկման միջոցներ։

«Ինստիգեյթ»-ը հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական եւ այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր խոշոր եւ ինքնաբավ ընկերություններ են։