11:18 | 26.03.24 | Նորություններ | 11993

Ucom-ը մեկնարկել է Հայաստանի մարզերում ցանցերի վերազինումը

Ucom-ը սկսում է Հայաստանի մարզերում ցանցի վերազինման աշխատանքները, որոնց նպատակն է հզորացնել եւ ընդլայնել 4G+ ցանցը մարզերում, ինչպես նաեւ հիմք ստեղծել 5G ենթակառուցվածքի համար։

Սարքավորման առաջին խմբաքանակով ընկերությունը ստացել է Nokia բրենդի վերջին սերնդի բազային կայաններ, որոնք կտեղադրվեն Հայաստանի մարզերում: Դա կապահովի LTE շարունակական ծածկույթ եւ տվյալների փոխանցման արագության բարձրացում:

Այս վերջին սերնդի բազային կայանները միաժամանակ կարող են սպասարկել այսօր գոյություն ունեցող բոլոր կապի տեխնոլոգիաները, մասնավորապես՝ 3G/4G+-ը, ինչպես նաեւ 5G տեխնոլոգիայի անցումն ապագայում կկատարվի միայն ծրագրային ապահովման վերակազմավորմամբ։

«Մեր տեսլականին համաձայն՝ մարզային ցանցերն ընդլայնելն ու վերազինելը ընկերության հիմնական նպատակներից է, ինչպես նաեւ ապագայի ցանց կառուցելը, որը հնարավորություն կտա հեշտությամբ անցնել 5G տեխնոլոգիայի։ Այսօր մենք առաջին քայլն ենք անում մեր գործընկեր Nokia-ի հետ, բայց բաժանորդները արդեն շատ շուտով կզգան տարբերություն ու հասանելիություն կունենան մայրաքաղաքին համարժեք կապի ծառայություններին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Nokia-ի հետ Ucom-ն արդիականացնելու եւ ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված եւ բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները, ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։