15:00 | 14.03.24 | Նորություններ | 1284

ՏՏ անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն կստեղծվի

Տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանն անկախ դարձնելու համար կստեղծվի «Տեղեկատվական անվտանգության եւ կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն»:

Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր կառավարության նիստի ժամանակ:

Կենտրոնը, համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ, կիրականացնի  պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի եւ տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը։

Ինչպես նաեւ կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքներ ու կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումներ:

Բացի այդ, կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ, կհամագործակցի պետական մարմիների, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի եւ ոլորտի կազմակերպությունների հետ:

Կենտրոնի կառավարումը կիրականացնի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: