17:33 | 13.03.24 | Նորություններ | 1502

AMADEE-24․ Հայաստանում մեկնարկել է Մարսի անալոգային հետազոտական առաքելությունը

Հայաստանը հյուրընկալել է տիեզերական տեխնոլոգիաների անալոգային հետազոտությունների ոլորտում հեղինակավոր Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը («AMADEE-24»)։

Անալոգային ուսումնասիրություններն անցկացվում են Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա, որն ընտրվել է Կարմիր մոլորակի հետ երկրաբանական եւ տեղագրական նմանությամբ։ Բարձր պատրաստվածություն ունեցող անալոգային տիեզերագնացներից բաղկացած անձնակազմը տիեզերակայանի սիմուլյատորում փորձեր կանցկացնի տարբեր մարսագնացների եւ ռոբոտատեխնիկայի միջոցով՝ նախապատրաստվելով մարդկային եւ ռոբոտային Մարսի ապագա հետախուզական առաքելություններին:

photo © OeWF


Հատուկ առաքելության կազմակերպիչներն են «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», իսկ կառավարումն իրականացնում է «Ավստրիական տիեզերական ֆորումը»։

photo © OeWF


Մարտի 12-ին՝ մեկ տարուց ավելի տեւած նախապատրաստական աշխատանքներից հետո, «AMADEE-24» ծրագրի 6 անալոգ տիեզերագնաց հագել է սկաֆանդրները եւ մեկ ամսով մեկուսացել տիեզերակայանում։ Ավստրիական տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերի խոսքով՝ մինչ այս ընտրում էին հիմնականում անապատային տարածքներ Մարոկկոյում, Օմանում, Իսրայելում եւ այլն, սակայն կանգ են առել Հայաստանի վրա՝ իրենց հայ գիտնական կոլեգայի առաջարկով։

«Մեզ համար կարեւոր էր գտնել Մարսի աշխարհագրորեն երկվորյակը։ Հետազոտել ենք արբանյակային նկարները, նաեւ տեղում ուսումնասիրություններ ենք անցկացրել ու տեսանք, որ Մարսին նմանվող շատ վայրեր կան այս տեղանքում։ Այս առաքելությանը պատրաստվել ենք մոտ 1 տարի, ներգրավել ենք 250 հետազոտող ավելի քան 26 ազգերից։ Ունեք բավականին մանրակրկիտ մշակված ծրագիր, որը ներառում է ռոբոտաշինության ոլորտից մինչեւ մարդկային ֆակտորներն ու հոգեբանությունը փորձարկող 15 գիտափորձ, որոնք պետք է իրականացնեն մեր անալոգային տիեզերագնացները։

photo © OeWF


Անձնակազմից 6 հոգի պետք է մեկուսանա եւ ապրի հատուկ AMADEE-24-ի համար պատրաստված տիեզերակայանում, որտեղից էլ կապ հաստատի Վիեննայում տեղակայված առաքելության կառավարման կենտրոնի՝ Երկրի վրա մարսյան անալոգային առաքելությանն աջակցող կառույցի հետ։ Ինչը նշանակում է, որ մենք ֆիզիկապես ու ժամանակային առումով նույնպես կամրջել ենք Երկիրն ու Մարսը։ Իրական ժամանակում փոխանցվող տվյալները կվերլուծվեն կառավարման կայանում, որոնց հիման վրա աջակցություն կցուցաբերվի անձնակազմին։ Հավաքագրված բոլոր տվյալները հետագա ամիսների ընթացում նույնպես կվերլուծվեն եւ հրապարակումներ կարվեն դրանց վերաբերյալ»,- նշել է Ավստրիական տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերը։

Առաքելության կառավարման կենտրոնը Վիեննայում Առաքելության կառավարման կենտրոնը Վիեննայում
photo © OeWF


Առաքելության շրջանակում կիրականացվի 15 գիտափորձ՝ ներառելով մի շարք ուղղություններով ուսումնասիրություններ, որոնց բոլոր մանրամասներին առանձին-առանձին կարող եք ծանոթանալ այստեղ։

«AMADEE-24» առաքելությունը հնարավորություն կընձեռի՝

•    ուսումնասիրել սարքավորումների վարքագիծը՝ գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ եւ նրա կողմից գործիքների օգտագործմամբ (օրինակ՝ սիմուլյացիոն սկաֆանդրների, շարժողական համակարգերի կամ այլնի միջոցով);
•    մշակել հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորել կյանքի հայտնաբերման երկրաբանական տեխնիկաները, առաքելությունների ընթացքում մարդուն աջակցող ռոբոտացված գործիքները, ինչպես նաեւ հեռահար աջակցության խմբի՝ բարձր իրավիճակային իրազեկվածության հայեցակարգերը;
•    ուսումնասիրել անալոգային տեղանքը՝ որպես մարսյան միջավայրի մոդել։
•    նպաստել մոլորակային գիտությունների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը;
•    զարգացնել մարդու մասնակցությամբ մարսյան առաքելությունների կառավարումը՝ ստեղծելով Երկրի Աջակցության կենտրոնի եւ տիեզերագնացի միջեւ փոխգործակցության եւ որոշումների կայացման համընդգրկուն մոտեցման իրատեսական մոդել։


Անալոգային տիեզերագնացների թիմի հրամանատար Անիկա Մեհլիսի համար Հայաստանում իրականացվող մարսյան առաքելությունն առաջինը չէ, նա պատմել է իր ու թիմակիցների մոտիվացիայի աղբյուրների մասին։

«Ես սիրում եմ աշխատել միջազգային թիմերում, մոտիվացիաս սերն է գիտության հանդեպ։ Տարիներ անց, երբ ապագա սերունդները գնան դեպի Մարս, կարող ենք ասել, որ մենք էլ մեր ներդրումն ենք ունեցել այդ գործում ու դրա մի մասն ենք կազմում։

Կարմեն Քյոլերը Կարմեն Քյոլերը
photo © OeWF


Ունենք հրաշալի անձնակազմ, նախկինում միասին աշխատել ենք Իսրայելում առաքելության ժամանակ եւ անհամբեր սպասում ենք սկսել մեր գիտական էքսպերիմենտները, տեսնել՝ ինչ մարտահրավերների ու անակնկալների կբախվենք։ Հետաքրքիր փորձառություն է նման պայմաններում աշխատելն ու միասին ամբողջության ներգրավվել ընդհանուր գործում։ Ուրախ եմ լինել այստեղ, թիմակիցներիս հետ ժամանակ անցկացնել եւ գիտությամբ զբաղվել»,- նշել է Անիկա Մեհլիսը։

Անալոգային տիեզերագնացների թիմը Անալոգային տիեզերագնացների թիմը
photo © OeWF


«AMADEE-ն» 2018-2028 թթ. իրականացվող «Ավստրիական տիեզերական ֆորում»-ի (OeWF) առաջատար հետազոտական ծրագիր է, որի նպատակը Երկրի վրա ստեղծված հատուկ պայմաններում տիեզերական այլ մարմինների վրա սարքավորումների, աշխատանքային պրոցեսների ու գիտական հետազոտությունների մշակումն է, ինչը դրվելու է դեպի Մարս գալիք առաքելությունների հիմքում: 2013թ-ին անալոգային առաքելությունն իրականացվել է Մարոկկոյում, 2015թ-ին՝ Ավստրիայում, 2018թ-ին՝ Օմանում եւ 2021թ-ին՝ Իսրայելի Նեգեւ անապատում: