10:09 | 07.02.24 | Նորություններ | 1448

Վիվա-ՄՏՍ-ն արձագանքել է «հիմնազուրկ տեղեկություններին»

Վիվա-ՄՏՍ-ն հայտնել է, որ շարունակաբար ընդլայնում է բջջային ծածկույթն ու հզորացնում է գործող հիմնական կայանները՝ ներդնելով ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ:

Բջջային օպերատորն արձագանքել է մամուլում հայտնված «իրականությանը չհամապատասխանող, հիմնազուրկ տեղեկություններին»:

Վիվա-ՄՏՍ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում 2023 թ-ը նշանավորվեց առաջին անգամ 5G ցանցի կոմերցիոն ներդրումով՝ Երեւանի փոքր կենտրոնում ու Գյումրիում: Նաեւ 2023 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2023-ի վերջի դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 170 բազային կայան՝ Հայաստանով մեկ: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 99.6%-ին: 2023-ին Վիվա-ՄՏՍ-ը կոմերցիոն հիմունքներով գործարկել է նորարարական VoLTE եւ Wi-Fi Calling ծառայություններ, որից օգտվում է ձայնային ծառայություններից ակտիվ օգտվող բաժանորդային բազայի կեսը:

Թերթն ապատեղեկատվություն է հրապարակել 2022 թ-ին եւ 2023 թ-ին Վիվա-ՄՏՍ-ի վճարած հարկերի տարբերության մասով: Ըստ այդմ՝ տարբերությունը ոչ թե 300 միլիոն դրամ է, ինչպես նշել է թերթը, այլ 185 միլիոն դրամ: Սա հիմնականում պայմանավորված է 2023 թվականի օրենսդրությամբ նախատեսված աշխատավարձի եկամտային հարկի դրույքի 1% նվազմամբ:  ԱԱՀ գծով վճարումներն աճել են 4 % կազմակերպության եկամուտների աճին զուգահեռ:

Թերթը, չգիտես ինչու՝ նաեւ չի նշել է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում բոլոր օպերատորներից մշտապես ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող Վիվա-ՄՏՍ-ը նաեւ այս տարի է գլխավորում օպերատորների ցանկը՝ ամենաբարձր ցուցանիշով՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը: Հրապարակված ցանկում ամենամոտ մրցակից բջջային օպերատորը 6 հորիզոնականով ներքեւում է՝ 19-դ տեղում՝ վճարելով Վիվա-ՄՏՍ-ից 3.3 միլիարդ դրամով պակաս հարկ, իսկ մյուս մրցակիցը նույնպես զիջում է՝ 13 հորիզոնականով ներքեւ է՝ զբաղեցնելով 26-րդ տեղը՝ վճարելով 6.6 միլիարդ դրամով պակաս գումար: Վիվա-ՄՏՍ-ն իր մրցակիցների համեմատ վճարել է, համապատասխանաբար շուրջ 21% եւ 42 % ավելի շատ հարկ:  

Տարեցտարի վճարված հարկերի տեսանկյունից Վիվա-ՄՏՍ-ն արձանագրում է կայուն դինամիկա, ինչն ընկերության կայուն աճի վկայություն է:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները ստանում են մրցակցային բարձր աշխատավարձ, եւ 2023 թ-ի համար ըստ կատարողականի վճարված տարեկան պարգեւավճարի գումարը եղել է ավելի շատ, քան 2022-ի համար վճարված պարգեւավճարի գումարը: Սա ինքնին խոսուն փաստ է կազմակերպության արդյունավետության վերաբերյալ»: