11:32 | 02.02.24 | Նորություններ | 1785

Ալեքսանդր Եսայանը վերընտրվել է ԱՏՁՄ նախագահի պաշտոնում

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Տեղեկատվական, թվային եւ տեխնոլոգիական ոլորտները համախմբող համայնքն ընդունել է Միության առաջիկա երեք տարվա ռազմավարությունը, քննարկել առաջադրած մի շարք առանցքային հարցեր եւ հստակեցրել ոլորտում առկա առաջնահերթությունները։

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ ինչպես 2019-ին, ԱՏՁՄ-ն եւս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ:

«ԱՏՁՄ թիմը ոգեւորված է իրականացնել դրական փոփոխություններ, իսկ համայնքն է՛լ ավելի ակտիվ է Միության սահմանած նպատակներին հասնելու համար։ Մեզ համար շատ կարեւոր է, որ ԱՏՁՄ-ի համայնքը մեծանում է․ այս տարի մեզ է միացել 32 նոր անդամ եւ Միությունում ընդգրկված է արդեն 132 ընկերություն: Գրեթե 30 տոկոս նշանակալի աճը վկայում է համայնքի ուժի եւ կենսունակության մասին: Այսօր որոշելու ենք, թե առաջիկա տարիներին ինչ ուղղությամբ է շարժվելու Միությունը եւ որոնք են լինելու մեր առաջնահերթությունները, որպեսզի զարգացնենք մեր տեխնոլոգիական համայնքը, արդյունքում՝ մեր երկիրը»,- ասել է Ալեքսանդր Եսայանը:

Համաժողովին Միության խորհրդի (վարչության) որոշմամբ Սարգիս Կարապետյանը նշանակվել է ԱՏՁՄ տնօրեն։ Նա ներկայացրել է նախորդ տարվա արդյունքները՝ ԱՏՁՄ ռազմավարական եւ գործառնական զեկույցը, եւ տեղեկացրել, որ ԱՏՁՄ թիմն ակտիվ աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի, միությունների, կառավարության հետ ԲՏԱ ոլորտը կարգավորող նոր օրենքի նախագծի շուրջ:

Համաժողովին ներկա էին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը եւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Հաջորդած քվեարկության ձայների մեծամասնությամբ ԱՏՁՄ խորհրդի (վարչության) անդամ են ընտրվել

•    Արտավազդ Մինասյանը (Krisp),
•    Արմեն Քոչարյանը (VOLO),
•    Իրինա Դումանյանը (Siemens Industry),
•    Գեւորգ Սաֆարյանը (LimeTech),
•    Արման Աթոյանը (iX-Tech),
•    Խաչատուր Նազարյանը (VMWare),
•    Սոնա Մամյանը (Mamble),
•    Արսեն Բաղդասարյանը (DataArt.AM)-ը,
•    Մանուկ Հերգնյանը (Granatus Ventures),
•    Գոռ Վարդանյանը (FimeTech)։

Խորհրդի (վարչության) վերստուգող են ընտրվել

•    Դավիթ Գրիգորյանը (Devsoft.AM),
•    Աշոտ Ալիխանյանը (Anania Shirakatsy Lyceum),
•    Արտակ Չոպուրյանը (Instigate Mobile I Zealous)։