11:14 | 25.01.24 | Նորություններ | 1575

Microsoft-ի շուկայական արժեքը գերազանցել է 3 տրիլիոն դոլարը

Microsoft-ի շուկայական արժեքն առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն դոլարը՝ մեկ բաժնետոմսի դիմաց 403,95 դոլար արժեքով, գրում է Bloomberg-ը։

Գործակալությունը նշում է, որ 3 տրիլիոն դոլարի շեմը ապահովում է Microsoft-ի՝ խոշորագույն հանրային ընկերություններից մեկի կարգավիճակը։ 2024 թվականի հունվարի կեսերին այն 2,89 տրիլիոն դոլարով առաջ է անցել Apple-ից (2,87 տրիլիոն դոլար) եւ դարձել աշխարհի ամենաթանկ հասարակական ընկերությունը: Հունվարի 24-ի դրությամբ Apple-ի կապիտալիզացիան կազմում է մոտ 3,02 տրիլիոն դոլար։

Microsoft-ի բաժնետոմսերն ամենապահանջվածներից են Ուոլ Սթրիթում, նշում է Bloomberg-ը, մասնակիորեն AI-ի հանդեպ ներդրողների ոգեւորության եւ եկամուտների աճի ներուժի շնորհիվ: Microsoft-ը համագործակցում է OpenAI-ի՝ ChatGPT չաթբոտի մշակողի հետ:

CNBC-ի կողմից հարցված վերլուծաբանները նույնպես խոսում են AI-ում Microsoft-ի ներդրումների մասին եւ լավ արդյունքներ են կանխատեսում ընկերության առաջիկա ֆինանսական հաշվետվություններում: