07:28 | 25.01.24 | Նորություններ | 17254

Վիվա-ՄՏՍ-ի բաժնետոմսերի 20%-ը կփոխանցվի պետությանը

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հայտարարել է բաժնետիրոջ փոփոխության եւ այլեւս ռուսական «ՄՏՍ» խմբի մաս չհանդիսանալու մասին:

Վիվա-ՄՏՍ-ը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» (FEDILCO GROUP LIMITED) ընկերությունն է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են:

«Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը մտադրված է բաժնետոմսերի 20%-ը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը` անհատույց», - ասված է հաղորդագրության մեջ:

«Վիվա-ՄՏՍ-ը` որպես Հայաստանի ՏՀՏ ոլորտի առաջատար ու նորարար տեխնոլոգիական ընկերություն, մշտապես եղել է տեղական ու միջազգային խոշոր ընկերությունների ուշադրության կիզակետում՝ որպես բարձր շահավետությամբ աշխատող եւ արդյունավետ կառավարումով ակտիվ, նոր ներդրումներ կատարելու տեսանկյունից խոստումնալից ընկերություն: Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանի առաջատար ՏՀՏ ընկերություն է՝ ծառայությունների լայն շրջանակով: Ընկերությունն ունի 2 միլիոնը գերազանցող հաճախորդային բազա, մշտապես ապահովում է աճի կայուն տեմպ ու բարձր շահութաբերություն: Այն ունի կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգ ու հզոր, կայացած, պրոֆեսիոնալ թիմ: Վիվա-ՄՏՍ-ը կառավարման մշակույթների եւ բիզնես-մոդելների հարուստ խառնուրդ է, ինչը ընկերության մրցակցային առավելության եւ առանձնահատկության հիմքն է»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Վիվա-ՄՏՍ-ն իր ներդրումներն իրականացնում է գործունեությունից առաջացող շահույթից, գրավադրված չէ եւ ծանրաբեռնված չէ վարկային պարտավորություններով, ֆինանսապես լիովին ինքնաբավ է, աշխատակիցներին առաջարկում է մրցակցային աշխատավարձ: Ներդրումների ծավալը կշարունակի մնալ ոչ պակաս, քան նախկինում կատարվածը: Վիվա-ՄՏՍ-ի կառավարումը կշարունակի իրականացնել ներկայիս ղեկավար թիմը՝ գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի ղեկավարությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:  

Դրանում նշվում է, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Ջանգը եւ Կոնստանտին Սոկոլովը:

«Չժե Ջանգը եւ Կոնստանտին Սոկոլովը  պրոֆեսիոնալ ներդրողներ են՝  հեռահաղորդակցության, ֆինանսների, էներգետիկայի եւ ակտիվների կառավարման ոլորտներում գործունեության հարուստ փորձով։ Հեռահաղորդակցության ոլորտում նրանց բազմակողմանի փորձը, որը զուգորդվում է ոլորտային հատուկ գիտելիքներով եւ հեռանկարային մոտեցումներով, նրանց դարձնում է ոլորտի առանձնահատկություններին տիրապետող արժեքավոր մասնագետներ: Ավանդական դերերից բացի՝ նրանց գիտելիքները տարածվում են նաեւ զարգացող տեխնոլոգիաների եւ շուկայի միտումների վրա՝ դրանք դիրքավորելով որպես արժեքավոր ակտիվ այս դինամիկ ոլորտում», - ասված է հաղորդագրության մեջ: