17:05 | 15.01.24 | Նորություններ | 1257

Ռոստելեկոմի Տվյալների մշակման կենտրոնին կաջակցի Էկոնոմիկայի նախարարությունը

Հունվարի 12-ին կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառումը, որի շրջանակում տեղի է ունեցել փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագրերի կնքման արարողություն։

Ռոստելեկոմ Հայաստան ընկերությունը ծրագրին մասնակցել է Հայաստանում կառուցվող խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի շրջանակում։ Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը եւ ներառվել Էկոնոմիկայի նախարարության ծրագրում։

Այս գերժամանակակից կառույցն իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման եւ ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները Ռոստելեկոմ Հայաստան ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ եւ արդյունավետ լուծումներ։

TIER III միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալների մշակման կենտրոնի հզորությունը կազմում է 2,5 ՄգՎ, այն ներառում է 218 սերվերային պահարան եւ ամպային նորագույն տեխնոլոգիաներ, որոնց միջոցով կապահովվի տվյալների անվտանգ մշակումը, պահպանումը բիզնեսի, ինչպես նաեւ պետական կառույցների համար՝ այսպիսով նաեւ նպաստելով Հայաստանի թվային ապագայի զարգացմանը։

««Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման միջոցառման շրջանակում կնքեցինք փոխհատուցման տրամադրման վերաբերյալ պայմանագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ։ Հաճելի է գիտակցել, որ Ռոստելեկոմ Հայաստան ընկերության խոշոր նախագիծը՝ Տվյալների մշակման կենտրոնի կառուցումը, դրական գնահատականի է արժանացել ՀՀ կառավարության կողմից՝ որպես Հայաստանի համար ռազմավարական առումով կարեւոր նախաձեռնություն։ Տվյալների մշակման կենտրոնի կառուցմանն ուղղված հսկայածավալ աշխատանքները մոտենում են ավարտին եւ, վստահաբար, այն մեծ եւ դրական ազդեցություն կունենա Հայաստանում թվային տեխնոլոգիաների զարգացման վրա։

Չափազանց գնահատելի է, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում ներդրումներ կատարող կազմակերպությունների կողքին է, եւ այս օժանդակությունը շատ պարտավորեցնող է մեզ համար»,-նշել է Ռոստելեկոմ Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Տվյալների մշակման կենտրոնը կառուցվում է Աբովյան քաղաքում, նախատեսվում է գործարկել 2024 թ․-ի գարնանը։