15:30 | 15.01.24 | Նորություններ | 1367

Շիրակի մարզում կկառուցվի կանաչ տեխնոլոգիաների հաբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետարանի եւ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր։

Նպատակն է Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում իրականացնել «Խելացի Համայնք, Խելացի Գյուղ, Խելացի Բնակիչ» ծրագիրը: Այն բաղկացած է մի քանի բաղադրիչից, այդ թվում՝ կանաչ տեխնոլոգիաների հաբի եւ ավանդական ոլորտներում կիրառելի տեխնոլոգիական հստակ պրոդուկտների ստեղծում, կանաչ եւ էկոլոգիապես մաքուր էկոհամակարգի ձեւավորում՝ արեւային վահանակների տեղադրում, ԳՏՏԿ ինժեներների կողմից ստեղծած հոսանքի եւ այլ ծառայությունների խելացի կառավարման համակարգի տեղադրում, տեխնոլոգիական եւ էկո զբոսաշրջությանը խթանող «Chill with Tech» կացարանների թվի մեծացում։

Կողմերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությամբ եւ աջակցությամբ կնպաստեն Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում ծրագրի իրականացմանը, որը հետագայում նախատեսվում է կիրառել Հայաստանի այլ գյուղերում։ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը ծրագիրը կիրականացնի Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհի աջակցությամբ։

Ախուրյան համայնքը ունի ավելի քան 45.000 բնակիչ, 35 հանրակրթական դպրոց։ Հաբի հիմնումը նոր հնարավորություններ կստեղծի որակյալ մասնագիտացման եւ հետագայում նաեւ զբաղվածության համար:

Ծրագրով առաջարկվող հաբը բաղկացած կլինի կրթական եւ արտադրական բաղադրիչներից, հագեցած կլինի համակարգիչներով եւ ինժեներական սարքավորումներով: