17:40 | 22.12.23 | Նորություններ | 1746

Team-ը ժպիտներ է պարգեւել արցախցի փոքրիկներին

Team Telecom Armenia-ն Հայաստանի երգի պետական թատրոնի հետ համագործակցությամբ «Իմ Նոր տարի» մանկական ինտերակտիվ երաժշտական ներկայացման տոմսեր է նվիրել 1000 արցախցի երեխայի՝ նրանց փոխանցելով Ամանորի հրաշքը եւ պարգեւելով ուրախ ժամանց։

Team Telecom Armenia-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանը նշել է, որ այս համագործակցությունն ամբողջացնում է ընկերության կողմից Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար իրականացվող աջակցության ծրագրերը։

«Սեպտեմբերյան ցավալի իրադարձությունների ընթացքում եւ դրանից հետո մենք հեռախոսի ու ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովեցինք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ ակտիվացնելով 097 կոդով հեռախոսահամարները Հայաստանում եւ տրամադրելով անվճար կապ 6 ամիս ժամկետով։ Ուրախ եմ նշել նաեւ, որ այս ընթացքում արցախցի շատ մասնագետներ են միացել մեր թիմին։ Շարունակելով մեր աջակցության ծրագրերը՝ Team-ով որոշեցինք միանալ Երգի պետական թատրոնին՝ Ամանորին հեքիաթային ժամեր ու ժպիտներ պարգեւելու արցախցի երեխաներին»,- նշել է Team Telecom Armenia-ի փոխտնօրեն Արամ Բարսեղյանը։

Ներկայացմանը մասնակցել են Արցախից բռնի տեղահանված եւ կորուստ ունեցող ընտանիքների երեխաները։ Վերջիններիս ընտրությունը կատարվել է «Հայորդի» նախաձեռնության միջոցով։

«Գործունեության ամբողջ ընթացքում Երգի պետական թատրոնն ուշադրության կենտրոնում է պահել արցախցի հանդիսատեսին եւ ամեն տարի Ամանորին ներկայացումներ է ունեցել Արցախում։ Մեզ համար անչափ կարեւոր էր պահպանել այս ավանդույթը եւ արդեն Հայաստանում հյուրընկալել մեր փոքրիկներին։ Հույս ունենք, որ ներկայացումից հետո նրանք կրկին կհավատան հրաշքին ու երազանքներին՝ անկախ ամեն ինչից։ Ուրախ ենք, որ տեսանք նրանց փայլող աչքերը եւ լսեցինք բարձր ծիծաղը»,-ասել է Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը։

«Իմ Նոր տարի» երաժշտական ներկայացումը բեմում կլինի մինչեւ հունվարի 7-ը։