17:21 | 14.12.23 | Նորություններ | 21189

Ucom-ի աջակցությամբ արեւային կայան է գործարկվել Ռինդ բնակավայրում

Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ «Արեւորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանն այցելել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայր:

Տեղի մանկապարտեզում տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արեւային կայան, որը հնարավորություն է տալու արեւի ճառագայթներից ստացված էլեկտրականությամբ ջեռուցել մանկապարտեզի շենքը:

«Ucom-ը, որպես կապի ազգային օպերատոր, աջակցում է Հայաստանում կանաչ տնտեսության զարգացմանը, եւ նախաձեռնությունը դրա վառ օրինակներից մեկն է: Այս արեւային կայաններն առաջիկա 20-25 տարիների ընթացքում մեր զավակներին կջերմացնեն ու ամենակարեւոը բնությանը վնաս չեն պատճառի, քանի որ արեւային կայանը բացարձակ անվնաս է: Սա կարեւոր առաքելություն է նաեւ էկոկրթության տարածման առումով: Մենք մշտապես օգնելու ենք խթանել կանաչ հայեցակարգը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համագործակցությունը իրականություն է դարձել 2023թ. օգոստոսին Ucom ընկերության եւ «Արեւորդի» հասարակական կազմակերպության կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Ըստ համագործակցության հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման եւ Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման հետեւանքով այդ աջակցությունը նպատակաուղղվել է ենթակառուցվածքների զարգացմանը:

«Բնության եւ մշակութային հուշարձանների պահպանությունը, էկոմշակույթի տարածումը մեզ համար կարեւոր նշանակություն ունի, եւ մեր գործունեությամբ մենք նպաստում ենք էկոշարժման զարգացմանը, որպեսզի կարողանանք պահպանել հայրենի բնությունը: Այս ճանապարհին մեր կարեւոր գաղափարակիցներից է Ucom-ը, որի աջակցությունը մեծապես օգնում է ավելի մասշտաբային ծրագրեր կյանքի կոչելու համար»,-նշել է «Արեւորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:
 
Այցելության ընթացքում երկու ընկերությունների ղեկավարները շրջայց են կատարել մանկապարտեզների շենքերում, ծանոթացել պայմաններին: