14:15 | 14.12.23 | Նորություններ | 1668

Իլոն Մասկը ծրագրում է Օսթինում համալսարան բացել. Bloomberg

Իլոն Մասկը նախատեսում է Օսթինում համալսարան բացել, այս մասին Bloomberg-ը հայտնել է ձեռնարկատիրոջ նոր՝ The Foundation բարեգործական կազմակերպության հարկային հայտարարագրերն ուսումնասիրելուց հետո:

Նշվում է, որ նա արդեն մոտ 100 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել, հոգաբարձուների թվում են Մասկի աջ ձեռքը՝ Ջարեդ Բիրչալը, Withersworldwide-ի իրավաբան Սթիվեն Չայդսթերը եւ Withersworldwide-ից ֆինանսական խորհրդատուներ Ռոնալդ Գոնգը եւ Թերեզա Հոլլանդը։

Նախ, The Foundation-ը դպրոց կբացի տարրական, միջին եւ ավագ դպրոցների համար: Նրանք կընտրեն STEM-ը որպես ուսուցման մոտեցում. այն շեշտը դնում է ճշգրիտ եւ բնական գիտությունների վրա եւ ուսումնասիրում է դրանք համակողմանիորեն՝ գործնականում լուծելով կիրառական, մասնավորապես, «ինժեներական» խնդիրներ:

Ցանկություն կա առաջին դասարան ընդունել 50 հոգու: Ըստ Austin American-Statesman-ի, դպրոցը կօգտագործի նաեւ հեռավար ուսուցման տեխնոլոգիա:

Դպրոցը գործարկվելուն պես կգործարկվի նաեւ «փորձառու դասախոսական կազմով» համալսարան։ Ավանդական ուսումնական ծրագրերը կզուգակցվեն գործնական դասերի հետ. ուսանողները կվերլուծեն իրական դեպքերը, կմոդելավորեն եւ կզբաղվեն նախագծերի զարգացմամբ, ինչպես նաեւ փորձեր կանցկացնեն լաբորատորիաներում:

Սկզբում ուսուցումն անվճար կլինի: Հետագայում եւ՛ դպրոցում, եւ՛ համալսարանում կներդրվեն վճարային համակարգեր, սակայն կտրամադրվեն կրթաթոշակներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։