12:13 | 12.12.23 | Նորություններ | 1553

Հայտնի է IT Intellectual Cup-ի հաղթողը

Երեւանում կայացել է IT Intellectual Cup առաջնությունը։ Այն նպատակ ունի ինտելեկտուալ շփման միջավայր ձեւավորել ՏՏ տարբեր ընկերությունների աշխատակիցների միջեւ։

Առաջնությունն անցկացվել է սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կանոններով։ Առաջին տեղը զբաղեցրել է Synopsys ընկերության թիմը։ Երկրորդ հորիզոնականում է Picsart-ի, իսկ երրորդ տեղում՝ Osensus-ի թիմը:

Մրցանակակիրները պարգեւատրվել են գավաթով, մեդալներով եւ անակնկալ նվերներով։ Առաջնության ողջ հասույթը փոխանցվելու է «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությանը։

«Ունենալով համայնքային զարգացումը որպես ռազմավարական նպատակ՝ մշտապես կարեւորում ենք նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս նոր կապեր հաստատել, ձեւավորել ամուր համայնք, ինչպես նաեւ հաճելին օգտակարի հետ համատեղելով՝ սատար կանգնել մի շարք կարեւորագույն համահայկական ծրագրերի, ինչպիսին է «Ազատազէնը»։ IT Intellectual Cup-ը տարեցտարի ավելի մեծ ճանաչում ու համբավ է վայելում։ Այս տարի խաղին միացել է 57 թիմ»,- ասել է IT Intellectual Cup 2023-ի կազմակերպիչ Լիլիթ Հակոբյանը։

IT Intellectual Cup առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 2019 թվականին։