12:21 | 05.12.23 | Նորություններ | 10395

BANA Angels-ը անցկացրել է Angel Conference 2023 միջոցառումը

Դեկտեմբերի 2-ին կայացել է BANA Angels-ի ամենամյա Angel Conference միջոցառումը։

Հայաստանում հրեշտակային ներդրումները խթանող 6-րդ համաժողովը անցկացվել է Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN)-ի հետ գործընկերությամբ։ Համաժողովի հատուկ հյուրերն էին Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը եւ Ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի (FiBAN) նախկին փոխնախագահ, ADA Drive-ի գործադիր տնօրեն, հրեշտակ ներդրող Աննա-Կաարինա Լիպսանենը։

photo © BANA Angels


Միջոցառման առաջին հատվածում Յաննե Յորմալայնենը եւ Աննա-Կաարինա Լիպսանենը հանդես են եկել հիմնական ելույթներով։ Խոսելով հրեշտակ ներդրումների եւ ձեռներեցության ոլորտում անցած ճանապարհի մասին՝ Յորմալայնենը իր պորտֆոլիոյի Loupedeck եւ Whiteboard.fi ընկերությունների օրինակով, մասնավորապես, բացատրել է ելքի գրագետ ռազմավարություն (exit strategy) ունենալու առավելությունները։

Աննա-Կաարինա Լիպսանենն էլ պատմել է ֆիննական բիզնես հրեշտակների ցանցի ստեղծման, զարգացման առանցքային փուլերը, ինչպես նաեւ սեփական ներդրումային պորտֆոլիոյի հաջողության մասին։

photo © BANA Angels


Միջոցառման երկրորդ հատվածում տեղի է ունեցել «Creating Value Together» խորագիրը կրող պանելային քննարկումը, որին որպես խոսնակներ մասնակցել են Եվրոպական հրեշտակ ներդրողների ցանցի (EBAN) նախագահ Յաննե Յորմալայնենը, Միջազգային ներդրողների INVESTORO կազմակերպության նախագահ Վիտալի Պոլեխինը եւ Prelaunch.com եւ The Crowdfunding Formula ընկերությունների համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նարեկ Վարդանյանը։ Քննարկումը վարել է Formula VC վենչուրային ֆոնդի գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը։  

photo © BANA Angels


Համաժողովը անցկացվել է Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի եւ Formula VC վենչուրային ֆոնդի աջակցությամբ (EU-ITTD):