13:35 | 04.12.23 | Նորություններ | 922

Team-ի նոր սերնդի ցանցը հասանելի է Սյունիքի բոլոր մեծ քաղաքներում

Team Telecom Armenia-ի 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցն արդեն կառուցված է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում եւ հասանելի է մարզի շուրջ 21000 տնային տնտեսության։  

Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ Team-ը ենթակառուցվածքի արդիականացումը եւ ցանցի կառուցումը սկսել է հենց մարզերից։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի առկայությունը կօգնի տեխնոլոգիական, ֆինանսաբանկային եւ տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը, իսկ անհատներին արագ ու հուսալի կերպով կկապի աշխարհին։

«Յուրաքանչյուր ծրագիր իրականացնելիս ոչ թե մտածում ենք` ինչ կտա այն այս պահին, այլ որքան երկար կարող է այդ ծրագրի արդյունքը սպասարկել մեր հայրենակիցներին ու ինչ ընդհանուր օգուտ կտա մեր երկրին: Մեզ համար շատ կարեւոր ու խորհրդանշական քայլ էր ժամանակակից այս ենթակառուցվածքի կառուցման աշխատանքներն առաջինն ավարտել Սյունիքի մարզում»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Այս ցանցը նպաստում է նաեւ մարզաբնակ երիտասարդների համար կրթության հավասար հնարավորությունների ձեւավորմանը․ հաշվի առնելով վերջինիս կարեւորությունը՝ ընկերությունն այս նոր սերնդի ինտերնետը տրամադրել է Մեղրիի նորաբաց Լոֆթ երիտասարդական կենտրոնին։

«Լոֆթ կենտրոնը երիտասարդների ոչ ֆորմալ կրթության, ինքնազարգացման եւ մասնագիտական առաջին քայլերի լավագույն հարթակն է։ Գերարագ ինտերնետի առկայությունը լավագույն միջոցն է՝ կրճատելու մարզ-մայրաքաղաք, ինչու չէ նաեւ մարզ-աշխարհ տարածությունը։ Այն հնարավորություն է տալու մարզաբնակ երիտասարդին՝ լավագույն ոչ ֆորմալ կրթությունը ստանալու»,- ասել է «Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն Արեւիկ Համբարձումյանը:

Սյունիքի մարզում Team-ի գերարագ, մինչեւ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցին հնարավոր է միանալ Կապան, Սիսիան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Ագարակ քաղաքներում։

Հայաստանի տարածքում այս ցանցն արդեն աշխատում է Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջեւան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սեւան, Սպիտակ եւ Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երեւանում այն հասանելի է Դավթաշեն, Արաբկիր, Ավան եւ Զեյթուն վարչական շրջաններում։

Team Telecom Armenia-ի գերարագ ինտերնետին հնարավոր է միանալ՝ բաժանորդագրվելով  Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ներառում են մինչեւ 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված եւ բջջային կապ։