12:48 | 04.12.23 | Նորություններ | 13410
Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին տեղի է ունեցել «Գիտության եւ գործարարության օրեր 2023» երկրորդ համաժողովը:
Միջոցառման այս տարվա հիմնական բանախոսն էր գիտնական, գրող եւ փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբը։ Պատվավոր հյուրերի եւ բանախոսների թվում էր նաեւ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ապագան, անխոս, տեխնոլոգիական է, եւ հաջողում են այն երկրները, որոնք ադապտացվում են փոփոխվող միջավայրին: Մենք ապագայակենտրոն ենք եւ սկսել ենք ցանցի արդիականացման՝ Ucom-ի մասշտաբային ծրագիրը: Լիահույս ենք, որ այս զարգացումը նոր հնարավորություններ ու արագություններ կապահովվի ոչ միայն մեր բնակչությանը, այլեւ մեր երկրի ձեռնարկություններին, վերջիններիս զարգացմանն ու առաջընթացին»,- ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են բազմաթիվ նորարարական գաղափարներ՝ նվիրված մարդկությանը սպասվող մարտահրավերներին, ինչպես նաեւ հայ իրականության գործարար հաջողությունների պատմություններին, բիզնեսի եւ գիտության փոխադարձ կապին։
«Գիտության եւ գործարարության օրեր» համաժողովը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին, որի հիմնական բանախոսն էր Նոբելյան մրցանակի դափնեկիր, լիբանանահայ մոլեկուլային կենսաբան Արտեմ Փաթափությանը։ Մյուս բանախոսներից էին աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր, սոցիոլոգ, հրապարակախոս Գեորգի Դերլուգյանը եւ այլք։
«Գիտության եւ գործարարության օրեր 2023» համաժողովի այս տարվա քննարկումը «Սեւ կարապը» եւ «Հակափխրունություն» գրքերի հեղինակ եւ փիլիսոփա Նասիմ Նիկոլաս Թալեբի շուրջ էր, ինչն էլ առանձնացնում էր այս տարվա համաժողովը նախորդից։