17:55 | 27.11.23 | Նորություններ | 1696

AEW 2023-ը համախմբել է ճարտարագիտության ոլորտի առաջատար փորձագետներին

Նոյեմբերի 24-26-ը կայացել է «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքը (AEW 2023)՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը եւ արվեստը» խորագրի ներքո։

«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023»-ը երեք օր շարունակ ներառել է բազմաֆորմատ միջոցառումներ։

«Սա Հայաստանում տեխնոլոգիական համայնքի կարեւորագույն միջոցառումներից մեկն է, որը նվիրված է ճարտարագիտության ոլորտին։ Հայաստանի հիմնական մրցակցային առանձնահատկությունը տաղանդն է եւ ոչ միայն որպես որակյալ աշխատուժ, այլեւ որպես ստեղծագործ տաղանդ։

Այս տարի Ճարտարագիտական շաբաթի ընթացքում շեշտադրումը ոչ միայն ճարտարագիտության, գիտության եւ արվեստի վրա ենք դրել, այլեւ` այս իրավիճակում Հայաստանի եւ այլ երկրների միջեւ ռազմավարական համագործակցության հեռանկարների: Հատկապես բարձր տեխնոլոգիաները դրան կարող են աջակցել եւ անմիջական ազդեցություն ունենալ ռազմավարական ոլորտում համագործակցությունների ձեւավորման ու հարաբերությունների ամրապնդման վրա։

Այս տարի նույնպես մարզերի երիտասարդների հզորացմանն ուղղված ծրագրեր կան, որոնց նպատակն է լուծել նրանց առաջ կանգնած մարտահրավերներն ու խնդիրները»,- iTel.am-ի հետ զրույցում նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։

photo © EIF


Երեւանում միջոցառումները մեկնարկել են Հայաստանի ազգային պատկերասրահում եւ ներառել 4 պանելային քննարկում բարձր տեխնոլոգիաների եւ ինժեներական զարգացումների, Հայաստանում դրանց կիրառության եւ ապագա հնարավորությունների մասին:

Առաջին օրը եզրափակվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման», «Ասպիրանտների աջակցության», ԵՊՀ մագիստրոսական ծրագրերի դրամաշնորհների հանձնման արարողությամբ։

Միջոցառման երկրորդ օրը Ինժեներական քաղաքում կայացել է ինժեներական տեխնոլոգիաների ցուցահանդես, որի ընթացքում մասնակիցները բացահայտել են շուկայի զարգացումները եւ դրա ներուժը։ Երրորդ օրը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում աշխատուժի զարգացման եւ երիտասարդների ներգրավման նախաձեռնություններ են իրականացվել:

photo © EIF


«Հայաստան - Ճարտարագիտական շաբաթը» կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Ինժեներական ասոցիացիան։ Գործընկերներն են ՀՀ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, Համաշխարհային բանկը եւ National Instruments-ը։