12:49 | 16.11.23 | Նորություններ | 1862
Նոյեմբերի 14-ին Հայ Գործարարների Ասոցիացիան անցկացրել է արդեն երրորդ Buissup Conference-ը, այս անգամ՝ «Բացահայտելով բիզնես թրենդները» խորագրի ներքո։
Միջոցառման ծրագիրը հագեցած էր Հայաստանի ամենահայտնի ընկերությունների հիմնադիրների եւ թոփ-մենեջերների մասնակցությամբ պանելային քննարկումներով եւ ելույթներով։
Միջոցառման ընթացքում քննարկվել են հետեւյալ թեմաները՝
• Ինչպե՞ս է փոխվում առցանց գնումներ կատարելու վարքագիծը,
• Թիմի կառավարման որ ընթացակարգն է լավագույնը՝ տնից, թե գրասենյակից,
• Ինչպես են զարգանում ռեստորանային եւ կառուցապատման ոլորտները եւ այլն։
«Մասնակիցների թիվը գերազանցում է 500-ը, սպասվածից ավելի է այս տարի եւս։ Buissup-ը Հայ Գործարարների ասոցիացիայի ծրագիրն է, որը նախատեսված է երիտասարդների շրջանում գործարարության զարգացմանը։ Այն ունի 3 տարբեր ձեւաչափ․ կոնֆերանս, հաքաթոն եւ գլոբալ ֆորում, որն ուղղված է գործող ու ավելի հասուն նախագծերին՝ ներդրողներին ներկայանալու նպատակով։ Անցյալ տարի իրականացրել ենք այս երեք ձեւաչափերը։ Այս տարի միայն կոնֆերանսն ենք կազմակերպել, քանի որ մեր ամբողջ ներուժը նվիրել ենք վերջին տարիների ընթացքում մեզ դիմած բավականին գրագետ ու սկսնակ թիմերին եւ նրանց ծրագրերի զարգացմանը», - iTel.am-ի հետ զրույցում նշել է Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը։
Կոնֆերանսի խոսնակների շարքում էին ARM Construct-ի ղեկավար Մելքոն Գալոյանը, Globbing-ի համահիմնադիր Վահե Ղազարյանը, TI'ME-ի Կոմերցիոն տնօրեն Նորայր Հովհաննիսյանը, Cenomi Retail Group-ի Բրենդի տնօրեն Նարինե Սիմոնյանը, Ozon-ի Կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը, Elegant Armenia Group-ի համահիմնադիր, Րիթեյլ մենեջեր Նարբե Պողոսյանը, Galaxy ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, ռազմավարության եւ ինովացիայի տնօրեն Էդգար Կարապետյանը, T Asset Management ընկերության, Տաշիր ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Տիգրան Աբովյանը, CFA, Renderforest-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը, Volo-ի, գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը եւ այլք։
Buissup Conference-ն անցկացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ եւ «Ձեռներեցության համաշխարհային շաբաթ»-վա շրջանակում, որի ազգային կազմակերպիչն է Հայաստանում ամերիկյան համալսարանի Epic կենտրոնը։