11:58 | 15.11.23 | Նորություններ | 1758

Թումոն այժմ հասանելի է ամբողջ Շիրակի մարզում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն այժմ հասանելի է Շիրակի մարզի ամբողջ տարածքում:

Շիրակցի թումոցիներն իրենց նորարարական կրթական ճանապարհը կարող են անցնել ինչպես Գյումրիի Թումո կենտրոնում, այնպես էլ՝ մարզի տարբեր բնակավայրերում գտնվող 9 Թումո տուփերից մեկում: Ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած տուփեր են գործում Ախուրյանում, Ամասիայում, Արթիկում, Աշոցքում, Ազատանում, Հացիկում, Մարալիկում, Փանիկում եւ Երազգավորսում: Կենտրոնից եւ տուփերից բաղկացած այս հանգույցի նպատակն է կրճատել մարզաբնակ պատանիներին Թումոյի հետ կապող ճանապարհի հեռավորությունը՝ տրանսպորտային ծախսերը հասցնելով նվազագույնի, իսկ ստեղծարարություն եւ քննադատական մտածողություն խթանող թումոյական կրթության հասանելիությունը՝ առավելագույնի:

photo © Թումո


«Շիրակի մարզում Թումոյի ընդլայնումը նորարարների, մտածողների եւ ստեղծագործողների հաջորդ սերունդը կրթելու մեր հաստատուն նվիրվածության ցուցանիշն է: Հաջորդ մարզը, որն ամբողջությամբ կընդգրկվի Թումոյի ցանցում, Տավուշն է։ Այս ձեռքբերումը հնարավոր չէր լինի առանց Գյումրիի Թումո կենտրոնի շենքի վերականգնման եւ կենտրոնի գործունեության հովանավոր JHM հիմնադրամի, Թումո Հայաստան արշավի հիմնադիր նվիրատուներ Եմենիջյան եւ Աքիլյան ընտանիքների, մեր ուսուցանողների, ինչպես նաեւ Թումոյի տեսլականը կիսող գործընկերների եւ անհատ նվիրատուների աջակցության եւ համագործակցության»,- նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Տավուշի մարզում Թումոյի կրթությունը ներկայում հասանելի է Դիլիջանի եւ Կողբի կենտրոնների եւ Արծվաբերդում, Ազատամուտում, Բերդում եւ Իջեւանում գործող Թումո տուփերի միջոցով, իսկ մարզին կից հաջորդ եւ վերջին Թումո տուփը կբացվի Ծովագյուղում։ Այսպիսով, մինչեւ տարեվերջ Թումոյում սովորելու հնարավորություն կունենան Տավուշի բոլոր անկյուններում ապրող պատանիները։