17:59 | 25.10.23 | Հոդվածներ | exclusive 3559

EdMap-ը կամրջում է կրթությունն ու աշխատաշուկան

EdMap-ն ուսուցման էկոհամակարգ է, որը լրացնում է ոլորտի փորձի բացը` ուսանողներին հնարավորություն տալով ձեռք բերել գործնական փորձ եւ անհրաժեշտ «փափուկ հմտություններ» (soft skills):

Այն հնարավորություն է տալիս հմտանալ սիմուլյացիոն նախագծերի վրա եւ լուծել ոլորտին հատուկ խնդիրներ, որոնք կարող են հանդիպել աշխատանքի ընթացքում։

Ստարտափի գաղափարի, աշխատանքի ու ներդրումների մասին iTel.am-ին պատմել է համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Արսեն Ասատրյանը։

Գաղափարն ու թիմի ձեւավորումը

Սովորել եմ ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ու Ինֆորմատիկայի ֆակուլտետում, պետք է դառնայի ծրագրավորող, բայց հասկացա, որ դա իմը չէ, ուզում եմ պրոդուկտի կառավարմամբ զբաղվել։ Շատ էի կարդում ու կրթվում այս ուղղությամբ, բայց չէի գտնում աշխատանք։ Անընդհատ հարցազրույցների էի մասնակցում ու ստանում նույն արձագանքը՝ փորձ չունեմ։

Ընկերներով զրույցի ժամանակ հասկացանք, որ բոլորս բախվել ենք նույն խնդրին ու սկսեցինք լուծումներ փնտրել, թե ինչպես կարող ենք լրացնել կրթությունից աշխատաշուկա տանող բացը։ Մտածեցինք ստեղծել միջավայր, որտեղ, տեսական գիտելիքները կիրառելով, հնարավոր է հավաքել պահանջված փորձն ու մտնել աշխատաշուկա։

Արսեն Ասատրյանը Արսեն Ասատրյանը
photo © Մեդիամաքս


Տարբեր մասնագետների հետ էինք զրուցում ու հասկացանք, որ այս խնդիրը միայն Հայաստանին հատուկ չէ։ Կրթությունից հետո ուսանողները մտնում են աշխատաշուկա ու, որպես կանոն, մերժվում փորձ չունենալու պատճառաբանությամբ։

Այդպես ծնվեց EdMap-ը, որով փորձում ենք կամրջել կրթությունն ու ինդուստրիան։

Համահիմնադիրները ընկերներս են. Սամվելը մեր տեխնիկական տնօրենն է, տվյալագետ է, նա նույնպես երկար ժամանակ այդ խնդրին բախվել էր, եւ գաղափարը նրան շատ էր ոգեւորել։ Ես ու Սամվելը պրոդուկտի մարդիկ ենք, ու մեզ պետք էր մեկը, որ բիզնեսի ու գաղափարի դրամայնացման հարցում մեզ կօգնի։ Իմ ընկերների շրջանակից գտանք Լիլիային, նա որպես համահիմնադիր միացել է թիմին։

Մենք երեքս էլ ուղղակի կամ անուղղակի ձեւով աշխատում ենք կրթական ոլորտում։ Ես Թումոյում եմ աշխատում, Սամվելն ու Լիլիան դասախոսում են։

EdMap-ի նպատակն ու լուծումը

Աշխատաշուկայում կան պրոցեսներ ու հատուկ գործիքներ, որ համալսարանը, կրթական կենտրոնները չեն սովորեցնում, այլ տալիս են միայն տեսական գիտելիքներ: Աշխատանքային հարցազրույցի ընթացքում, սակայն, կարող են հարցեր ուղղել դրանց կիրառությունների վերաբերյալ: Տեսականն ու գործնականը, երբեմն, չեն համապատասխանում։

Մինչեւ աշխատաշուկա մտնելը հնարավորություն ենք տալիս, որ օգտատերերն սիմուլացված ինդուստրիայում այդ առաջադրանքները լուծեն։ Այսինքն՝ մշակում ենք երեւակայական ՏՏ կազմակերպություն եւ դերաբաշխումներ կատարելով՝ իրական նախագծերի վրա աշխատանքներ ստեղծում։ Նախագծերը, իրական քեյսերն ու խնդիրները վերցնում ենք ոլորտից, որոնց շուրջ էլ կառուցում ենք միջավայրը։

Արսեն Ասատրյանը Արսեն Ասատրյանը
photo © Մեդիամաքս



Այս պահին ակտիվ հարցազրույցներ ենք անցկացնում կազմակերպությունների հետ՝ հասկանալու իրենց պրոցեսները ու խնդիրները։ Հնարավորություն ենք տալու մեր սովորողներին ամբողջը վիզուալիզացնել ու դարձնել պորտֆոլիո։ Ընկերությունները կարող են հետեւել աշխատանքային պրոցեսին ու իրականում տեսնել մասնակիցների պոտենցիալն ու իրականացնել հավաքագրման գործընթացը։

Ինչպես է աշխատում հարթակը

Օգտատերը մեր հարթակում ընդհանուր ինֆորմացիա է լրացնում իր մասին, այնուհետեւ դրա շուրջ CV-ի սքանավորում ենք անում եւ փորձում հասկանալ, թե ինչ մակարդակի առաջադրանք նա կարող է կատարել, որպեսզի շատ տարբեր մակարդակների մասնագետներ չհավաքագրենք մեկ թիմում, եւ նախագիծը չձախողվի։

Յուրաքանչյուր սիմուլյացիոն նախագծի համար հայտարարություն ենք տարածելու, ինչի միջոցով էլ մասնակիցները կարող են միանալ նախագծերին, տեսնել թիմակիցներին, ծանոթանալ նախագծի մանրամասներին, դրա նպատակներին եւ այլն։ Սա հնարավորություն է նոր մարդկանց հետ ծանոթանալու, նեթվորք հավաքելու եւ հետագայում, գուցե, թիմով հանդես գալու անկախ նախագծով կամ նոր ստարտափ ձեւավորելու։

photo © Մեդիամաքս



Այս պահի դրությամբ մեր սովորողները վճարելու են սիմուլյացիոն նախագծի համար, որը կարող է տեւել 2-3 շաբաթ։ Հետո արդեն մարտահրավերների պես իրենց մակարդակները բարձրացնելու ծրագրեր ենք առաջարկելու։ Այդպես կարող են մի քանի մակարդակ բարելավել մեր նախագծերի միջոցով։ Ներկայում հարթակը թեստավորում ենք ու մեր օգտատերերից լավ արձագանքներ ունենք։

Ներդրումներ ու առաջիկա ծրագրեր

Մասնակցել ենք Սիսայդ ստարտափ սամիթին Հնդկաստանում, որը մեզ շատ լավ ուղղորդում տվեց։ Անցել ենք Ամերիկյան համալսարանի Epic ինկուբացիոն ծրագիրը, այն մեզ շատ է օգնել, այստեղ գաղափարը շատ ենք հղկել։ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից գաղափարից բիզնես ծրագրով ստացել ենք 10 մլն. դրամ ներդրում։ Այս տարվա Սեւան ստարտափ սամիթին էլ հաղթեցինք Edtech բաղադրիչով մրցույթում։

photo © EdMap



Դրամայնացման երկու տարբերակ ենք դիտարկում՝ B2B եւ B2C: Այս պահին դեռ կենտրոնացած ենք B2C-ի վրա, այսինքն՝ սովորողների։

Հիմա կենտրոնացած ենք տեղական շուկայում փորձարկումների վրա, այնուհետեւ կփորձենք տարածվել Հյուսիսային Եվրոպայի երկրներում, հետագայում՝ Միացյալ Նահանգներում։ Ուզում ենք մեր շուրջ ձեւավորել համայնք, որից հետո ոլորտում կտարածենք մեր ազդեցությունն ու համագործակցություններ կձեւավորենք։ Աշխատում ենք պրոդուկտի բարելավման վրա, որից հետո կդիմենք արդեն այլ աքսելերացիոն ծրագրերի ու ներդրումների։

Նունե Գրիգորյան