11:32 | 23.10.23 | Հոդվածներ | exclusive 6342

Հայկական գլոբալ ռոբոտաշինության կենտրոն ստեղծելու առաջին ծիլերը

Գիտական նորարարությունների եւ կրթության հիմնադրամը (CSIE) սկսել է ակտիվ գիտական աշխատանքները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում։

CSIE-ն նաեւ ներգրավված է Hayasat 1 նախագծում եւ Bazoomq Space Research Lab-ի հետ համագործակցում է CubeSat նախագծի վրա: Նրանք պատրաստել են հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, որը տիեզերք է ուղարկվելու SpaceX-ի՝ նոյեմբերի 29-ին նշանակված թռիչքով։

Հիմնադրամին աջակցել է եւ խորհրդատվություն տրամադրել ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի հայազգի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, որը նաեւ ՀԱՊՀ օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնի հիմնադիրն է։

«2022թ․-ին իմ ստեղծագործական արձակուրդի մեկ տարին անցկացրել եմ Հայաստանում: Սկզբում աշխատել եմ մեկ ուսանողի հետ՝ Միքայել Արամյանի, ով Իլինոյսի համալսարանի փորձերից մեկը հաջողությամբ իրականացրել է նաեւ Երեւանում: Իմ նպատակն է համակարգել աշխարհով մեկ ինքնակառավարվող համակարգերի ուղղությամբ կրթվող հայ երիտասարդներին, որոնք պետք է դառնան հայկական ռոբոտատեխնիկայի թիմի առանցքը»,- Itel.am-ին ասել է Նաիրա Հովակիմյանը:

Մի քանի ամսում հավաքվել է 5-6 հոգանոց խումբ: 2022-ի ամռանը խմբի բոլոր անդամները եկել են Հայաստան և մասնակցել սեմինարների։ Այդ նախաձեռնությամբ՝ Հնդկաստանից Հայաստան է եկել նաեւ 2006 թվականին ԱՄՆ-ում՝ Նաիրա Հովակիմյանի լաբորատորիայում իր ստեղծագործական արձակուրդն անցկացրած Վիջեյ Պատելը, ով այժմ Հնդկական ավիացիոն զարգացման գործակալության տեխնոլոգիական տնօրենն է: Նա մեկ շաբաթ եղել է Երեւանում, որի ընթացքում սեմինարներ է անցկացրել եւ կիսվել իր գիտելիքներով ու փորձով։

«Խումբը սկսեց աճել: Բոլոր երիտասարդները խանդավառված էին հայրենիքին ինչ-որ բանով օգնելու համար»,- ասում է Նաիրա Հովակիմյանը:

Թիմի անդամներից է նաեւ Աստղիկ Հակոբյանը, ով ավարտել է Սեուլի ազգային համալսարանը՝ ստանալով լավագույն ատենախոսության հեղինակավոր մրցանակը: Հոկտեմբերի 1-ից նա սկսելու է իր աշխատանքները Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում, որոնց աջակցում է CSIE-ը: Աստղիկը շարունակելու է աշխատել ինքնակառավարվող համակարգերի՝ հիմնականում ինքնակառավարվող փոքրիկ մեքենաների ուղղությամբ:

Հաջորդը Հայաստան են գալու Սթենֆորդում սովորող Արեկ Ժամկոչյանը, հետո ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի հետդոկտորանտ և Գիտական ինովացիոն կրթության կենտրոնի (CSIE) գիտաշխատող Տիգրան Բաքարյանը:

«Ծրագրում ենք խումբը մեծացնել, որովհետեւ Երեւանում գոնե 20 դրսում կրթված մասնագետներ պետք է լինեն, որ ունենանք աշխարհում մրցունակ ու մարտունակ գիտական խումբ»,- ասում է Նաիրա Հովակիմյանը:

Ինքնակառավարվող համակարգերը տարբեր գիտությունների են առնչվում, եւ ուժեղ թիմ ձեւավորելու համար անհրաժեշտ են տարբեր ուղղություններով մասնագիտացած մարդիկ: Պոլիտեխնիկում արդեն ներգրավել են 20 ուսանողի եւ մի քանի պրոֆեսորների: Գիտական նորարարությունների եւ կրթության կենտրոնը նրանց հետ նաեւ դասընթացներ է անցկացնում:

«Փոփոխությունները դեռ նոր են կատարվում, եւ ուրախանալը դեռեւս շուտ է, որովհետեւ կարեւոր է այնպես անել, որ այս երիտասարդները ոչ միայն գան հայրենիք, այլեւ շարունակեն մնալ եւ գործել այնտեղ: Այն ժամանակ, երբ նրանք գոնե 5 տարի մնան հայրենիքում ու գործեն, նոր կարող ենք ուրախանալ: Այս հայրենադարձվող երիտասարդները հայ երիտասարդ գիտնականների համար կարող են դառնալ մտքի թռիչք ունեցող այն առաջնորդները, ում հետեւից նրանք կցանկանան գնալ: Ահա հենց այս առումով էլ կարեւոր է այլ երկրներից երիտասարդ հայ գիտնականներին համակարգված եւ ճիշտ ծրագրերով հայրենիք վերադարձնելը», - ասում է Նաիրա Հովակիմյանը:

 Երջանիկ Հարությունյան