13:33 | 09.09.23 | Հոդվածներ | exclusive 3839

ԱԲ ապագան մարզերի դպրոցականների աչքերով

Ինչպիսի՞ն կլինի ապագան, որում լայն կիրառություն ունեն արհեստական բանականության (ԱԲ) գործիքները։ Հնարավո՞ր է համակեցություն մարդու եւ նրա կերպ մտածող մեքենաների միջեւ։ Հայաստանի մարզերը ներկայացնող 13-18 տարեկան դպրոցականները մասնակցել են Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի եւ Zleenk կրթական հարթակի հայտարարած AI մրցույթին ու ԱԲ-ով գեներացրած պատկերներով պատասխանել այս հարցերին:

Դպրոցականները կիրառել են Midjourney, DALL-E 2, Picsart կամ այլ հարթակներն ու ստեղծել պատկերներ «Իմ ապագան AI-ի աչքերով» կամ «AI-ը հասարակության համար» խորագրերից մեկով։ Նրանցից լավագույնները հյուրընկալվել են FAST-ի գրասենյակում, ստացել հավաստագրեր ու արժանացել խրախուսական մրցանակների։

Արմավիրի մարզի Քարակերտ համայնքից 16-ամյա Մերի Մկրտչյան

15-18 տարիքային խմբում ճանաչվել է լավագույնը

Շատ եմ սիրում մաթեմատիկան, խնդիրները լուծում եմ որպես հոբբի։ Սիրում եմ նաեւ փազլներ հավաքել։ Մրցույթի մասին իմացա սոցիալական ցանցերից։ Միանգամից որոշեցի մասնակցել, որովհետեւ ԱԲ-ով հետաքրքրված էի ու ցանկացա գիտելիքներս ավելի խորացնել մրցույթի միջոցով։



Արհեստական բանականության հետ առաջին անգամ բախվեցի, երբ լսեցի chatGPT-ի գոյության մասին։ Իրականում, այդ գործիքը շատ է հեշտացնում մարդու կյանքը։ Հետո փորփրեցի, որպեսզի հասկանամ՝ էլ ինչ բնագավառներ կան, որ կարող են հեշտացնել իմ կյանքը: Բացահայտեցի MidJourney-ն, այս երկուսն էլ հիմնականում կիրառում եմ։

Գեներացրել եմ երեք նկար. առաջինում, որով հաղթեցի մրցույթում, պատկերված է ֆուտուրիստական քաղաք, որտեղ բնությունն ու քաղաքային նորարարությունները ներդաշնակ են, այսինքն՝ ես պատկերացնում եմ ԱԲ-ի հետ մեր ապագան՝ մարդկանց համար առողջ պայմանների եւ նորարարության համադրությամբ։



Մյուս պատկերներում ներկայացրել եմ արհեստական բանականության կիրառումը կրթության ու բժշկության մեջ։ Օրինակ, պատմության դասաժամերին կարելի է ԱԲ գործիքների միջոցով վերստեղծել պատմական տարբեր դրվագներ, ինչը կօգնի ավելի պատկերավոր ներկայացնել այս կամ այն իրադարձությունը։

Արհեստական բանականության լայն կիրառության դեպքում կարեւոր է, որ մարդիկ կարողանան տարբերել ԱԲ-ի գեներացրած բովանադակությունը։ Հատկապես վերջերս հայտնի մարդկանց նկարներ ու տեսանյութեր են շրջանառվում, որոնք արհեստական բանականությունն է ստեղծել, ինչը մարդկանց կարող է շփոթեցնել՝ ջնջելով իրականի ու անիրականի սահմանները։

Գեղարքունիքի մարզի Ջիլ համայնքից 13-ամյա Ելենա Գաբրիելյան

13-15 տարիքային խմբում ճանաչվել է հաղթող

Շատ եմ սիրում ինֆորմատիկա, քիմիա ու անգլերեն առարկաները։ Ինֆորմատիկայի հանդեպ հետաքրքրությունը ձեւավորվել է մանկուց՝ համակարգչի առջեւ ժամանակ անցկացնելուց, իսկ քիմիան ավելի շատ փորձերի համար եմ սիրում։



Դպրոցում հաճախում եմ նաեւ ռոբոտաշինության խմբակ, որտեղ էլ առաջին անգամ լսել եմ ԱԲ-ի մասին։ Ու քանի որ սիրում եմ նաեւ ուժերս փորձել մրցույթների մասնակցելով, որոշեցի բաց չթողնել այս հնարավորությունը։



Իմ գեներացրած առաջին նկարում թռչող մեքենաներ են։ Ես պատկերացնում եմ ապագան թռչող մեքենաներով։ Երկրորդ նկարը ռոբոտների ու երեխաների միջեւ ընկերության մասին է, նրանք միասին խաղում են ու միմյանց լավ հասկանում։ Այսօր էլ աշխարհում կան հիվանդանոցներ, որտեղ ռոբոտներն օգնում են երեխաներին շուտ առողջանալ։ Հաղթող է ճանաչվել երրորդ նկարը. դպրոց է, որտեղ յուրաքանչյուր երեխա ունի իր ռոբոտ օգնականը։

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքից 17-ամյա Միլենա Պատվականյան

Գեներացրած պատկերները հայտնվել են տասը լավագույնների մեջ

Մրցույթի մասին իմացա ուսուցչուհուցս, ում պատմել էի արհեստական բանականության ոլորտով հետաքրքրվելուս մասին։ Ես էկոակտիվիստ եմ ու տարբեր խմբակների եմ հաճախում։ Որոշ ժամանակ առաջ Մարտունիում կազմակերպված միջոցառման ժամանակ ծանոթացա ծրագրավորողների հետ, որոնք պատմեցին արհեստական բանականության ոլորտի ու կիրառությունների մասին։ Ինքս էլ սկսեցի ուսումնասիրել ու հասկացա, որ այն ինձ շատ է դուր գալիս։ Սկզբում գրքեր էի փնտրում հայերենով, այդպես էլ չգտա, հիմնականում անգելերենով էին, որոշ հատվածներ կարդում էի ու փորձում հասկանալ: Հայտնաբերեցի Zleenk հավելվածը, որում կան հանրամատչելի տեսադասեր, որոնք ինձ շատ օգնեցին։ Ցանկանում եմ ուսումս շարունակել Երեւանի պետական համալսարանում՝ Տվյալների մշակումը ֆիզիկայում եւ արհեստական բանականություն բաժնում։



Կարծում եմ՝ արհեստական բանականությունը չի խոչընդոտի մարդկանց,  հակառակը՝ կօգնի, որ աշխարհն ավելի լավը դառնա։

Երեք նկար եմ գեներացրել Picsart-ով, առաջին նկարը գիտնական ռոբոտ է, որ մարդ-գիտնականին հավասար հետազոտություններ եւ նոր բացահայտումներ է անում։ Մարդ-գիտնականը փորձարկումներ է կատարում, տվյալները տալիս ռոբոտին, վերջինս էլ մշակում է դրանք: Այս դեպքում աշխատանքը շահում է, արդյունքն՝ ավելի լավը ստացվում։



Երկրորդ նկարում ԱԲ-ն ու մարդը միասին աշխատում են հիվանդությունների ուսումնասիրման ու կանխարգելման շուրջ։ Կարծում եմ՝ եթե COVID19-ի ժամանակ լայնորեն կիրառվեին արհեստական բանականության գործիքներ, հիվանդությունը կանխարգելու գործընթացն ավելի արդյունավետ կլիներ։

Երրորդ պատկերում ռոբոտները դուրս են եկել մեր գալակտիկայից, գտել իրենց մոլորակը ու ապրում են հաշտ. սա այն դեպքում, եթե կոնֆլիկտ առաջանա մարդկանց ու ռոբոտների միջեւ։

Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքից 16-ամյա Թագուհի Գեւորգյան

Աշխատանքներն ընդգրկվել են տասը լավագույնների շարքում

Մրցույթի մասին տեղեկացել եմ Zleenk կրթական հարթակից ու հենց այդ ժամանակ առաջին անգամ իմացել արհեստական բանականության մասին։ Մրցույթին մասնակցելու նպատակով փորձել եմ տարբեր կայքերից գիտելիք հավաքել ու պատկերացում կազմել։



Ուզում եմ բժիշկ դառնալ, կարդացել էի, որ հիմա ստեղծվել են վիրաբույժ ռոբոտներ, որոնք ավելի լավ են իրականացնում վիրահատությունը, քան մարդը։ Շատ գնահատելի է, որ մարդու ստեղծածը մարդու կյանքն է փրկում։ Երազում եմ՝ ստեղծվի ծրագիր, որի միջոցով ռոբոտ զինվորները սահմանին կփոխարինեն մեր իրական զինվորներին ՝ այդպիսով փրկելով նրանց կյանքը։



Իմ ստեղծած պատկերներով ցանկանում էի ցույց տալ արհեստական բանականության դրական ու բացասական կողմերը։ Մի դեպքում պատկերել եմ ռոբոտներին բժշկության մեջ, որոնք փրկում են մարդկանց կյանքը, մյուս դեպքում բարձրացրել եմ հարցեր, որ տեխնոլոգիայի զարգացումն ազդում է նաեւ մարդկանց առողջության վրա, երբ չարաշահում են, օրինակ, համակարգչից օգտվելը։

Արագածոտնի մարզի Մուղնի համայնքից 16-ամյա Մանե Տոնոյան

Ընդգրկվել է տասը լավագույնների շարքում

Ապագա կենսաինֆորմատիկ եմ, շատ եմ սիրում ինֆորմատիկան ու կենսաբանությունը, իսկ կենսաինֆորմատիկան այս երկուսի խառնուրդն է։

Մրցույթի մասին իմացել եմ Zleenk հավելվածից, հետեւում եմ նրանց, իսկ հենց «արհեստական բանականություն» տերմինը լսել եմ ԹՈՒՄՈ-ում կայքերի մշակման դասերի ժամանակ։



Շատերն են կարծում, թե ռոբոտները վնասում են կամ վնասելու են մարդկանց, անգամ չափազանցում են՝ ասելով, որ ռոբոտները սպանելու են մարդկանց։ Նկարներիս իմաստն այդ մտքերին հակադրվելն էր՝ ներկայացնելով իմ մոտեցումը. մարդիկ ու ռոբոտները համագործակցելով ավելի լավն են դարձնում կյանքը, բնությունը։

Մրցույթին դիմելու ժամանակ խնդիր առաջացավ. հովհարային անջատումների պատճառով էլեկտրաէներգիա չունեինք, իսկ մրցույթին դիմելու ժամկետը լրանում էր։ Երեկոյան 23։30-ն էր ու չէի հասցրել ստեղծել նկարները, թեեւ ուսումնասիրել էի հարթակը, որով պետք է գեներացնեի պատկերներ։ Մայրիկս հորդորում էր քնել, կարծում էր՝ չեմ հասցնի, բայց կեսգիշերից մի քանի րոպե առաջ կարողացա ստեղծել նկարները։



Առաջին նկարում մարդն ու ռոբոտն են, իսկ հետեւի ֆոնին բնությունն է, որն այս պարագայում պահպանված է։ Երկրորդ նկարում ռոբոտները երեխաների հետ միասին սովորում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցած դասասենյակում, բոլորը հաշտ են ու ուրախ։ Երրորդ պատկերի իմաստն այն է, որ ԱԲ-ն հնարավոր է կիրառել գիտական լաբորատորիայում ու ստանալ լավ արդյունքներ։

Անի Նազարյան