17:50 | 24.10.23 | Նորություններ | 1785

Իգոր Խալաթյանը ստանձնել է STAN-ի խորհրդի նախագահությունը

Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցն (STAN) իր հնգամյակի տարում հայտարարել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամից (FAST) առանձնանալու եւ որպես անկախ կազմակերպություն հանդես գալու մասին։

Iris Network ստարտափի հիմնադիր, Oracle Corporation-ի նախկին փոխնախագահ Իգոր Խալաթյանը, ով ցանցի հիմնադիր ներդրողներից ու համանախագահն է, ստանձնել է STAN-ի խորհրդի նախագահությունը, իսկ Ռուբեն Օսիպյանը՝ գործադիր տնօրենի պաշտոնը։

«Որպես բիզնես հրեշտակների ցանց՝ STAN-ը կկենտրոնանա ներդրողների թվի, ներդրումների ծավալի ու քանակի աճի, ինչպես նաեւ ստարտափներին սաղմնային փուլ հասցնելու վրա։ Մենք ունենալու ենք մեր սեփական թիմը, որը մասնագիտացած կլինի կատարված ներդրումների վերլուծության, ստարտափների հետ աշխատանքի համակարգման, նոր նախագծեր գտնելու ու ներդրողներին ներկայացնելու աշխատանքներում»,- նշել է Ռուբեն Օսիպյանը։

18 հիմնադիր հրեշտակներով կազմավորված STAN-ն այսօր միավորում է շուրջ 40 ներդրողի վեց երկրից, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ: Մինչ օրս STAN-ն ավելի քան 620 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել 14 խոստումնալից ստարտափում՝ հորիզոնում ունենալով ավելի հետաքրքիր նախագծեր։

STAN-ը FAST-ի գիտության առեւտրայնացման ուղղությամբ իրականացված կարեւոր ծրագրերից է, որը ստեղծվել է 2018 թվականին Հայաստանում: STAN հրեշտակների ցանցին միանալու եւ ամբողջական կազմին ծանոթանալու համար այցելեք այստեղ։