16:31 | 24.10.23 | Նորություններ | 1866

Հայկական BlueQubit-ը կհամագործակցի DARPA Պաշտպանության գործակալության հետ

Հրանտ Ղարիբյանի եւ Հայկ Տեփանյանի հիմնած BlueQubit-ն ընտրվել է Պաշտպանության առաջադեմ հետազոտական նախագծերի գործակալության (DARPA) նախագծի համար՝ Imagining Practical Applications for a Quantum Tomorrow (IMPAQT) ծրագրի շրջանակում:

BlueQubit-ը տեխնոլոգիական ստարտափ է, որը մշակում է քվանտային ծրագրային հարթակ՝ քվանտային տեխնոլոգիաները հասանելի դարձնելու եւ դրանց առեւտրային ընդունումն արագացնելու համար:

DARPA-ն ԱՄՆ պաշտպանության նախարարության գործակալություն է, որն ունի եզակի եւ մնայուն առաքելություն՝ առանցքային ներդրումներ կատարել ազգային անվտանգության համար բեկումնային տեխնոլոգիաների մեջ:

Այս համագործակցությունն ընդգծում է ընկերության հանձնառությունը՝ հեղափոխելու քվանտային հաշվողական լանդշաֆտը, կենտրոնանալով Noisy Intermediate-Scale Quantum (NISQ) սարքերի համար քվանտային AI/ML ալգորիթմների մշակման վրա:

«Քանի որ տեխնոլոգիան շարունակում է զարգանալ, մենք հայտնաբերել ենք ոլորտներ, որտեղ դասական համակարգչային մեթոդները թերանում են, հատկապես Գիբսի նմուշառման հարցում, որոնք առանցքային նշանակություն ունեն բազմաթիվ գիտական, առեւտրային եւ պաշտպանական կիրառություններում։ Մենք հաշվարկների ոլորտում քվանտային թռիչքի եզրին ենք եւ DARPA IMPAQT մրցանակը վկայում է մեր թիմի ներուժի մասին», - նշել է BlueQubit-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը։

Ընկերությունը հայտնել է նաեւ QuEra Computing-ի հետ համագործակցության մասին, որը քվանտային ապարատային ընկերության առաջամարտիկներից է:
BlueQubit-ի ստեղծման, գործառույթների, ներդրումների ու ծրագրերի մասին ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Հայկ Տեփանյանի հետ iTel.am-ի հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ։