17:41 | 22.03.23 | Հոդվածներ | exclusive 6891

BlueQubit. Քվանտային համակարգիչներին կապող հարթակ

Քվանտային համակարգիչներն այլեւս գիտաֆանտաստիկ ֆիլմերից ֆուտուրիստական սարքեր չեն, այժմ BlueQubit-ի վեբ հավելվածի միջոցով հնարավոր է դրանց վրա հեշտությամբ միացնել եւ գործարկել ծրագրեր:

Հայկ Տեփանյանը եւ Հրանտ Ղարիբյանը BlueQubit ընկերությունը հիմնադրել են 2022 թվականի գարնանը, այժմ աշխատում են քվանտային համակարգիչների համար բազմաֆունկցիոնալ ծրագրային գրադարան ստեղծելու ուղղությամբ:

Ստարտափի նպատակն է բոլորին հասանելի դարձնել գերհզոր քվանտային համակարգիչները։ Այդ նպատակին ծառայելու համար BlueQubit-ը Product Hunt-ում գործարկել է իր առաջին վեբ հավելվածը:

Համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Հայկ Տեփանյանն iTel.am-ին պատմել է BlueQubit-ի ստեղծման, գործառույթների, ներդրումների ու ծրագրերի մասին։

Google-ից դուրս գալն ու էքսպերիմենտ, որ դրդեց ստեղծել BlueQubit-ը

Իմ ընկեր Հրանտ Ղարիբյանի հետ ստեղծել ենք BlueQubit-ը: Մեր ստարտափի հիմքում քվանտային ֆիզիկան է ու քվանտային աքսիոմները, ինչպես նաեւ համակարգչային գիտությունը (computer science)։ Կարելի է ասել՝ երկուսի մեջտեղում ենք. քվանտային համակարգիչների վրա ծրագրեր ենք գրում ու ծրագրային ապահովումներ մատակարարում։

Հայկ Տեպանյանը Հայկ Տեպանյանը
photo © BlueQubit


Միշտ ասում ենք, որ մեր հմտությունները լրացնում են միմյանց եւ իդեալական համադրություն է BlueQubit-ի համար։ Ես մասնագիտացել եմ տեխնիկական գծով, իսկ Հրանտը՝ ֆիզիկայի ու քվանտային ֆիզիկայի։

Ծրագրավորման ու տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրությունս սկսել է վաղուց։ Սովորել եմ Քվանտ վարժարանում, 7–րդ դասարանից սկսել եմ ծրագրավորել, ինչը մեծ ազդեցություն է թողել իմ հետագա ճանապարհի վրա։ Վաղ հասակում մասնակցել եմ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, ֆիզիկայի օլիմպիադաների, այդ ամենն էլ թույլ է տվել ստեղծել հաջողությունների բազա, որով կարողացել եմ ընդունվել Սթենֆորդի համալսարան։

Հրանտ Ղարիբյանը Հրանտ Ղարիբյանը
photo © BlueQubit


Այնտեղ սովորել եմ Համակարգչային գիտության բաժնում, իսկ Հրանտը նույն ժամանակ Սթենֆորդի համալսարանում ասպիրանտուրայում էր քվանտային ֆիզիկայի ուղղությամբ։ Սթենֆորդի համալսարանում ավելի մտերմացանք ու ընկերացանք։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցա Google-ում որպես մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության (ML/AI) ինժեներ Google Ads բաժնում։ Այնտեղից դուրս եկա 2022 թվականի մայիսին, երբ պաշտոնապես հիմնեցինք BlueQubit-ը։ Թողեցի Google-ը, իսկ Հրանտը թողեց Caltech համալսարանը, որտեղ ակադեմիական գործունեությամբ էր զբաղվում։  

2019 թվականին շատ կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ, ինչը մեզ դրդեց վերջնականապես հիմնել ընկերությունը։ Այս ոլորտում Google-ի ստեղծած քվանտային համակարգիչը քվանտային գերակայության (quantum supremacy) էքսպերիմենտ անցավ։ Ընդամենը 200 միլիվայրկյանում քվանտային համակարգիչը կատարեց այնպիսի հաշվարկի առաջադրանք, որը դասական ամենահզոր սուպերհամակարգիչը կարող էր կատարել 10 հազար տարում։ Սա ցույց է տալիս այդ տարբերությունը, որը հնարավոր է դարձել 54 քյուբիթով, ինչը 2-ի 54 աստիճան բիթն է։

Եվ սա սկիզբն էր միայն, հետո արդեն ավելի հզոր էքսպերիմենտներ եղան ու սա նշանակում էր՝ կարող ենք ոչ միայն քվանտային համակարգիչների նախատիպեր մշակել, այլեւ այնպիսի հաշվարկներ կատարել, որոնք սուպերհամակարգիչները չեն կարող։

Ի՞նչ խնդիր են լուծում քվանտային համակարգիչներն ու BlueQubit-ը

Քվանտային համակարգիչը նոր սերնդի է, այլ կերպ է աշխատում՝ ի տարբերություն մեր առօրյայում օգտագործվող դասական համակարգչի։ Նույնն է, ինչ գնացքը հրթիռի հետ համեմատենք։ Քվանտային համակարգիչների հզորությունը մեծ է. 10 քյուբիթն այնքան հզորություն ունի, որքան 1000 բիթը։

photo © Մեդիամաքս


Քվանտային համակարգիչներ ստեղծելու ուղղությամբ աշխատում են աշխարհի ամենամեծ ընկերությունները՝ Google-ը, IBM-ը, Microsoft-ը, Amazon-ը եւ այն։ Նման համակարգիչներ ստեղծելն ու մշակելը մեծ ծախսեր է պահանջում, եւ մենք որոշել ենք ոչ թե hardware-ով զբաղվել, այլ՝ software մշակել։

Հաջորդ փուլը ոչ թե հաշվարկներ կատարելն է, այլ՝ իրական խնդիրներ լուծելն ու օպտիմիզացիայի համար տարբեր ոլորտներում կիրառելը։ Ֆինանսականից մինչեւ դեղագործական ոլորտ այն կարող է օգտակար լինել. կիրառելի դարձնելու ուղղությամբ հիմա մշակումներ են իրականացվում։

Ներկայում, երբ օգտվում ենք սովորական համակարգչից, մեզ հարկավոր չէ հասկանալ, թե ինչպես է այն տեխնիկապես աշխատում։ Մեր կարգախոսն է «Democratizing quantum», այսինքն՝ ժողովրդականացնենք քվանտային համակարգիչները։

BlueQubit-ի վեբ հավելվածն ու Rigetti-ի հետ համագործակցությունը

Մեր վեբ հավելվածը թույլ է տալիս կապվել իրական քվանտային համակարգչի հետ ու դրանով իրական նախագծեր իրականացնել:

Աշխատում է նույն սկզբունքով, ինչ ամպային տեխնոլոգիաները։ Այսինքն՝ ինչ-որ ծրագիր ենք ուղարկում ամպ, որտեղ այն գործարկվում է։ Մենք էլ նույն կերպ կապված ենք Rigetti ընկերության ստեղծած վերջին սերնդի քվանտային համակարգիչներից Aspen-M-3-ի հետ։ Օրական 5 ժամ կապվելու հնարավորություն ունենք ու պետք է գործողություններն այդ ընթացքում կատարել։ Սա այն պատճառով, որ աշխարհում քիչ են քվանտային համակարգիչները։

photo © Մեդիամաքս


10 տարի առաջ Rigetti-ի պես 1-2 ընկերություն կար, հիմա արդեն քանակը համեմատաբար ավելացել է ու աշխարհում մոտ 30 ընկերություն մշակել է քվանտային համակարգիչ։ Սա նույնպես հիմք հանդիսացավ այս ոլորտում ստարտափ սկսելու համար։

Ներդրումներն ու առաջիկա ծրագրերը

Սկզբում երկուսով էինք, կարողացանք նախասաղմնային ներդրում ստանալ եւ՛ հայկական, եւ՛ ամերիկյան վենչուրներից ու հրեշտակ ներդրողներից։ Ընդհանուր 27 ներդրող ունենք, ներառյալ՝ հայկական Granatus Ventures-ը, BigStory VC-ն, Formula VC-ն, Triple-S-ը, կան նաեւ ամերիկյան վենչուրներ ու հրեշտակ ներդրողներ։

photo © Մեդիամաքս


Այս պահին հավելվածից եկամուտ չենք ակնկալում։ Դասական deeptech ստարտափ ենք, ինչը նշանակում է, որ ունենք R&D-ի շատ մեծ կտոր։ Deeptech ստարտափների պես սկզբի մի քանի տարին մշակումների փուլում ենք լինելու եւ գոյատեւելու ենք ներդրումների հաշին։ Մյուս քայլը ավելի մեծ ու գիտական խնդիրներ լուծելն է՝ մեր հարթակում տարբեր գործառույթներ ավելացնելով։ Հիմնական եկամուտն ավելի ուշ է ակնկալվում: Այս ընթացքում կառուցում են հիմք հետագայում խորը տեխնոլոգիական պրոդուկտից եկամուտ ստանալու համար։

Թիմը

Թիմում 10 հոգի ենք։ Մի մասը Միացյալ Նահանգներում է, մյուսը՝ Հայաստանում։ Թիմում գրեթե բոլորի հետ նախկինում աշխատանքային փորձ ու շփում ենք ունեցել։

Թիմում կարեւորում ենք մշակույթը։ Բոլորս գրեթե նույն մտածելակերպն ու միշտ սովորելու ձգտում ունենք, սա շատ կարեւոր է deptech ստարտափներում։ Ձեւավորված ավանդույթ կա՝ երկու շաբաթը մեկ գիտելիքներով կիսվելու հանդիպում ենք անցկացնում, որի ժամանակ թիմակիցներից մեկը կարեւոր ինչ-որ գիտական աշխատանք է կարդում ու ներկայացնում մյուսներին:

Նունե Գրիգորյան