16:17 | 27.09.23 | Նորություններ | 19237

Ucom-ն անվճար շարժական կապ կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին

«Յուքոմ» ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին եւ 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։

Սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերը կկարողանան 6 ամիս անվճար օգտվել նաեւ Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։

Մասնավորապես, միանալով Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանին՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 450 րոպե տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու, 8 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաեւ 300 SMS՝ տեղական բոլոր ցանցեր եւ Արցախ ուղարկելու համար։ Բացի այդ, բաժանորդները կկարողանան օգտվել 28 հայտնի եւ հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Messenger-ը, WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Zangi-ն կամ gg-ն՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը։

Իսկ Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանն ընտրելով՝ բաժանորդները 30 օրը մեկ կստանան 200 րոպե՝ տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ եւ Կանադա զանգելու, 6 ԳԲ՝ գերարագ շարժական ինտերնետից օգտվելու, ինչպես նաեւ 200 SMS՝ տեղական բոլոր ցանցեր եւ Արցախ ուղարկելու համար։ Ավելին, բաժանորդները կկարողանան օգտվել 19 հայտնի եւ հաճախակի կիրառվող հավելվածներից, ինչպիսիք են WhatsApp-ը, Telegram-ը, Viber-ը, Messenger-ը, Zangi-ն կամ gg-ն՝ չսպառելով ներառումների մեգաբայթերը:

«Մտերիմների հետ կապի մեջ մնալը շատ կարեւոր է բոլոր իրավիճակներում։ Մեր սիրելի հայրենակիցները կարող են բաժանորդագրվել ինչպես Գորիսում տեղակայված Ucom շարժական խանութում, այնպես էլ երկրում գործող 78 վաճառքի եւ սպասարկման կենտրոններից ցանկացածում», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Արցախի գրանցումով մեկ անձնագրով հնարավոր է ձեռք բերել առավելագույնը 2 SIM-քարտ, իսկ տրամադրվող հեռախոսահամարը կակտիվանա անմիջապես քարտի ձեռքբերման պահին։