11:04 | 15.09.23 | Նորություններ | 2425

Լեռնապատում կանցկացվի անօդաչու թռչող սարքերի մրցույթ

Սեպտեմբերի 16-ին եւ 17-ին, Լոռու մարզի Լեռնապատ համայնքում տեղի կունենա «Հաւք» ԱԹՍ մրցույթը։

Արդեն 3-րդ տարին անընդմեջ մրցույթը կազմակերպում է ԱԹՍ փորձակայանի տարածքում։ Մրցույթը մշակում է լուծումներ, որ հնարավորություն ստեղծվի բարձրացնել արտակարգ իրավաճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետությունը եւ հնարավորություններ ստեղծվեն բավարարելու պետության կարիքները։

«Այս տարի բարդացել են թռիչքային առաջադրանքները, ընդլայնվել է թիմերի աշխարհագրությունը՝ ավելացել են մարզերի թիմերի մասնակցությունը։ Շատ ուրախալի է մեզ համար, որ նախորդ տարվա դպրոցական թիմերն այս տարի արդեն մասնակցելու են սիրողական կատեգորիայում, բացի այդ ունենք սիրողական թիմեր, որ սիրողականից անցել են մասնագիտացվածի։ Այս տարի ինժեներաան լուծումներին ավելի շատ եւ գնահատման կարգն ավելի համահունչ ենք դարձրել առաջադրանքների ճշգրտությանն ավելի նախորդ փորձից ելնելով»,- նշել է Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մրցույթի ժյուրիի նախագահ Ավետիք Քերոբյանը։

Որպես մրցույթի գործընկեր՝ ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանն էլ նշել է, որ «Հաւք»-ը մոտիվացնում է հայկական ընկերություններին ու անհատներին՝ ուժերը փորձել այն ոլորտում, որն աշխարհում այժմ գերարագ է զարգանում։

Այս տարի մրցույթի թիմերի թիվն ավելացել է 25%-ով։ Որակավորման փուլ է անցել 34 դպրոցական, 12 սիրողական եւ 5 մասնագիտացված թիմ։ Մրցույթը կանցկացվի հետեւյալ անվանակարգերում․

Դպրոցականները կմրցեն հետեւյալ անվանակարգերում՝

•    Տարածքում կողմնորոշում, իրերի հայտանբերում եւ տարբերակու,
•    Խոչընդոտների հաղթահարում եւ հեղուկ նյութերի սփռում,
•    Բեռների առաքում։

Սիրողական եւ մասնագիտացված թիմերը՝

•    Բեռների առաքում,
•    Խոչընդոտների հաղթահարում եւ հեղուկ նյութերի սփռում,
•    Տարածքում կողմնորոշում, իրերի հայտանբերում եւ տարբերակում, հեռավար թռիչք (Լերմոնտովո գյուղից),
•    Տարածքում կողմնորոշում, իրերի հայտանբերում եւ տարբերակում, թռիչք։

«Հաւք»-ի մրցանակային ֆոնդի հովանավորն է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, որը տրամադրել է 15 միլիոն դրամ։