09:11 | 15.09.23 | Նորություններ | 1903

Թումո Երեւանում կխոսեն գեներատիվ ԱԲ եւ կրթության մասին

Սեպտեմբերի 23-ին Թումո Երեւանում տեղի կունենա «Արհեստական բանականություն եւ կրթություն» սիմպոզիումը:

Թումո-ից հայտնում են, որ Google DeepMind, OpenAI, Microsoft, Meta, Figma ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի կունենան պանելային քննարկումներ, վարպետության դասեր եւ բանախոսություններ գեներատիվ արհեստական բանականության նորագույն գործիքների, տեխնոլոգիական ամենակարեւոր նորությունների եւ միտումների, կրթության մեջ արհեստական բանականության կիրառման առաջատար օրինակների վերաբերյալ:

Թումո Երեւանում ներկա կլինեն Emerson Collective ընկերության տեխնոլոգիական տնօրեն Րաֆֆի Գրիգորյանը, Krisp ընկերության հիմնադիր եւ տնօրեն Դավիթ Բաղդասարյանը, FAST հիմնադրամի հիմնադիր եւ տնօրեն Արմեն Օրուջյանը, YerevaNN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը:

Սիմպոզիումին օնլայն կմիանան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն, Հարվարդի բարձրագույն կրթության դպրոցի հետազոտող Թեսսա Ֆորշան, Սթենֆորդի համալսարանի դասախոս Էմմա Բրանսքիլը, Meta-ում AI պրոդուկտ թիմի ղեկավար Մարիլի Նիկան, Microsoft-ի կրթության հետազոտության միջազգային տնօրեն Մարիա Լանգուորթին, NVIDIA-ի AI հետազոտության փոխնախագահ Սանջա Ֆիդլերը, GitHub-ի գլխավոր հետազոտող Էդի Աֆթանդիլյանը:

Սիմպոզիումի մասնակցությունն անվճար է եւ բաց բոլորի համար: Միջոցառման լեզուն անգլերենն է:

Սիմպոզիումը հեռարձակելու է ուղիղ եթերով:

Առցանց հեռարձակմանը միանալու կամ սիմպոզիումին տեղում` Թումո Երեւանում մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել https://tumo.ai/ կայքում, որտեղ կարող եք ծանոթանալ բանախոսների ամբողջական ցանկին եւ օրակարգին: