17:14 | 11.09.23 | Նորություններ | 19983

Ucom-ը շարունակում է արդիականացնել շարժական ցանցը

«Յուքոմ» ընկերության տեխնիկական մասնագետներն աշխատում են Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջաններում, ինչի մասին ընկերությունը նախապես տեղեկացրել է իր բաժանորդներին։

Ընկերության գլխավոր տնօրենն այցելել է շարժական ցանցի արդիականացման աշխատանքներն իրականացնող երեւանյան թիմերից մեկին՝ անձամբ հետեւելու ցանցի վերազինման ընթացքին։

«Երբ որեւէ կայան ապամոնտաժվի, դուք զգալու եք կապի որակի անկում ու ծառայությունների մատուցման անկայունություն։ Սա ցավոտ, բայց եւ անխուսափելի գործընթաց է, մինչեւ տեղադրենք նորը, արդիականը, հզորը եւ այո՛, այսօրվա դրությամբ՝ աննմանը, որպեսզի հետագայում դուք ունենաք սահուն փորձառություն մեր ցանցում եւ հնարավորություն ունենաք օգտվելու ավելի լավ, ավելի մատչելի, ավելի հետաքրքիր ծառայություններից։ Ինչ խոսք, այսպիսի այցերը նույնպես շարունակական են լինելու, որպեսզի ձեզ մշտապես տեղյակ պահենք ոչ միայն շարժական ցանցի արդիականացման, այլեւ ֆիքսված ցանցի ընդլայնման ընթացիկ աշխատանքների մասին», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Դեռեւս օգոստոսի սկզբին գլխավոր տնօրենը նշել է, որ Ucom-ի 5-ամյա ռազմավարության հենասյուներից է Հայաստանի ամբողջ տարածքում ինչպես շարժական, այնպես էլ ֆիքսված ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը։

Նա անձամբ է հետեւել Հայաստան ժամանած Ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման եւ ծառայությունների մատակարարման համաշխարհային գիգանտներից մեկի սարքավորումների բեռնաթափման ընթացքին։

Այսօրվա դրությամբ այդպիսի սարքավորումների ժամանումը Հայաստան իրականացվել է երեք փուլով։ Մինչեւ տարվա վերջ նորագույն սարքավորումները եւս մի քանի փուլով կառաքվեն։