Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երեւան» միջազգային համաժողովը:
Այս տարի այն անցկացվում է սեպտեմբերի 8-9-ը եւ արդեն չորրորդ տարին է համախմբում բազմաթիվ երկրներից ժամանած ոլորտի առաջատար մասնագետներին։
Համաժողովի նպատակն է խթանել Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը՝ Հայաստանի եւ արտերկրի մասնագետների համար ստեղծելով հարթակ, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել, կիսվել իրենց փորձով եւ նոր կապեր հաստատել։
«Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի էլ խոսնակների շուրջ մեկ երրորդը հրավիրված է աշխարհի առաջատար ընկերություններից եւ գիտական խմբերից: Այս տարվա զեկույցների հիմնական թեմաներն են մեծ լեզվական մոդելները եւ դիֆուզիոն մոդելները: Առաջին անգամ համաժողովի մի հատվածը նվիրված էր կենսաբանության եւ բժշկության մեջ մեքենայական ուսուցման կիրառություններին, իսկ մեկ այլ հատված՝ մեքենայական ուսուցման միջոցով ռոբոտների կառավարման խնդիրներին», - նշել է համաժողովի համակազմակերպիչ Հրանտ Խաչատրյանը։
Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայաստանյան ընկերություններից է, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Լիտվայից, Գերմանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ռուսաստանից եւ այլն։
Դատաֆեստ Երեւան 2023-ի ընթացքում ելույթներով հանդես կգան ոլորտի առաջատար այնպիսի կազմակերպությունների եւ ինստիտուտների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Hugging Face, DeepMind, Amazon Web Services, WANNA, Microsoft, University of Zurich եւ այլն: Նախատեսված ելույթները ներկայացնելու են տվյալագիտության, մեքենայական ուսուցման եւ արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները եւ տեղի ունեցող զարգացումները։
Համաժողովի ելույթների ձայնագրությունները հաջորդիվ հրապարակվելու են համաժողովի կայքում։
Կազմակերպիչն է «ԴատաֆեստԵրեւան» հասարակական կազմակերպությունը: