11:50 | 08.09.23 | Նորություններ | 1559

Google-ը կթարմացնի Chrome բրաուզերի դիզայնն ու ֆունկցիաները

Chrome բրաուզերը սեպտեմբերին նշում է 15-ամյակը։ Այս առիթով Google-ը հայտարարել է Mac-ի, Windows-ի, Linux-ի եւ ChromeOS-ի համար նախատեսված հիմնական թարմացման մասին:

Տեսքը կփոխվի՝ համապատասխանելու Material You դիզայնի լեզվին: Ինտերֆեյսի տարրերը նախորդ տարբերակի համեմատ ավելի կլորացված կլինեն: Մշակողները խոստանում են նաեւ լրացուցիչ գունային լուծումներ։ Ըստ ընկերության՝ այս ամենը պետք է մեծացնի բովանդակության ընթեռնելիությունը եւ բրաուզերն ավելի անհատականացված դարձնի։

Ինչ վերաբերում է ֆունկցիոնալությանը, սպասվում է ավելի մշակված մենյու՝ հավելվածներ ավելի արագ մուտք գործելու համար, ներկառուցված թարգմանիչ, սեփական գաղտնաբառի կառավարիչ եւ ընկերության այլ ծառայություններ: Դրանք բոլորը կհայտնվեն լրացուցիչ մենյուում (բրաուզերի վերին աջ անկյունում):

Բացի այդ, մշակողները հայտարարել են վնասակար կայքերի ստուգման բարելավված համակարգի մասին։ Բրաուզերին սովորեցրել են սքանավորել դրանք՝ օգտագործելով հատուկ ցուցակ, որը կթարմացվի 30-60 րոպեն մեկ։

Դրան զուգահեռ կփոխվի նաեւ Chrome Web Store-ը։ Այն կներկայացնի անհատականացված առաջարկներ, առանձին կատեգորիա՝ AI-ի վրա հիմնված ընդլայնումներով եւ «Խմբագրի ընտրություն» բաժինը: Թարմացված Chrome-ը հասանելի կդառնա առաջիկա շաբաթներին: