12:11 | 03.08.23 | Նորություններ | 2012

Վանաձորում բացվել է Ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա

Oգոստոսի 1-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում բացվել է խաղային տեխնոլոգիաների ժամանակակից լաբորատորիա։
 
Կարեւորելով ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում մրցունակ աշխատուժի զարգացումը եւ նոր ենթակառուցվածքների ստեղծումը՝ Վանաձորում, Գյումրիում եւ Երեւանում ՁԻՀ - «Կոկա-Կոլա» համագործակցությամբ արդեն շուրջ 4 ամիս անցկացվող դասընթացների շնորհիվ 60-ից ավելի երիտասարդ ձեռք է բերում ինչպես տեխնիկական հմտություններ ծրագրավորման եւ խաղերի մշակման ոլորտներում, այնպես էլ կյանքի հմտություններ եւ բիզնես հմտություններ՝ պլանավորում, նախագծերի կառավարում եւ առաջխաղացում:

«Ներկայում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իրականացնում է մի շարք կրթական ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերում՝ զարգացնելով մարզային երիտասարդության ներուժը, ստեղծելով համապատասխան կրթական միջավայր եւ համատեղելով տարբեր կազմակերպությունների ջանքերը երիտասարդներին ուղղված աշխատանքներում, որը համահունչ է «Կոկա-Կոլա» համակարգի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային հենասյուներին», - նշել է ՁԻՀ-ի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավար Լուսինե Ղուկասյանը։
 
Լաբորատորիայի բացման արարողությունից հետո 3 քաղաքում իրականացվող դասընթացների մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու խաղերի մշակման գործընթացում կիրառվող AR/VR տեխնոլոգիաներին, ինչպես նաեւ ներկայացնելու իրենց կողմից մշակվող խաղերի գաղափարները եւ դեմո տարբերակները։

Առաջիկա երկու ամսվա ընթացքում փորձառու մենտորների օգնությամբ նրանք ավարտին կհասցնեն իրենց խաղերի դեմո տարբերակները եւ կներկայացնեն տեխնոլոգիական եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչներից ձեւավորված մասնագիտական ժյուրիին, որի որոշման արդյունքներով կարժանանան համապատասխան դրամական պարգեւների։

Լաբորատորիան բացվել է «Կոկա-Կոլա» ընկերության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) համագործակցությամբ իրականացվող «Խաղային տեխնոլոգիաների էկոհամակարգն՝ ի նպաստ երիտասարդության հզորացման» խորագրով ծրագրի ներքո: