11:02 | 03.08.23 | Նորություններ | 17825

Ucom-ը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը

«Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցնում է կնիք դնելու գործընթացը ընկերության եւ իր կոնտրագենտների միջեւ կնքվող պայմանագրերի եւ դրանց մասը կազմող արձանագրությունների ու այլ փաստաթղթերի վրա։

Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում դեռեւս 2012 թվականին կատարված փոփոխությունները եւ «Յուքոմ» ՓԲԸ գործադիր մարմնի որոշումը։ Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել ընկերությունների կողմից կլոր կնիք ունենալու պարտադիր պահանջը։

«Պաշտոնապես հայտարարում ենք կնիքի օգտագործման դադարեցման մասին եւ վստահեցնում մեր բոլոր գործընկերներին, որ սա որեւէ կերպ չի անդրադառնա Ucom-ի հետ իրենց գործակցության վրա», - նշել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։