13:08 | 02.08.23 | Նորություններ | 1666
ArtsakhX հավելվածը, որը նախատեսված է Արցախում կայուն եւ անվտանգ հաղորդակցության համար, արդեն հասանելի է ներբեռնելու համար։
ArtsakhX հավելվածի միջոցով օգտատերերը կարող են ամբողջությամբ՝ սկզբից մինչեւ վերջ (End-to-End) գաղտնագրված ձեւով միմյանց փոխանցել անձնական հաղորդագրություններ, ֆայլեր, կատարել աուդիո եւ տեսազանգեր: ArtsakhX-ում տվյալները չեն պահպանվում սերվերների վրա, ինչը հնարավորություն է տալիս խուսափել հաքերային հարձակումներից։
«Տվյալների ցածր օգտագործման ռեժիմը» թույլ է տալիս հաղորդակցվել նույնիսկ ցածր թողունակությամբ, ոչ կայուն եւ նույնիսկ աշխարհից անջատված համացանցի բացակայության դեպքում։ Նշված համակարգի աշխատունակությունն ապահովելու համար պարտադիր է ունենալ Wi-Fi կամ բջջային տվյալների կապի հասանելիություն։ Այսինքն՝ այն կգործի նաեւ Արցախից դուրս կապի խափանման, ընդհատման դեպքում։
ArtsakhX-ն ունի հետեւյալ գործառույթները՝
• գաղտնագրված տեքստեր, ֆայլեր, ձայնային զանգեր եւ տեսազանգեր;
• խմբային զրույցներ, բարձր որակի աուդիո եւ տեսազանգեր;
• ինտերնետ տրաֆիկի խնայողություն՝ «Տվյալների ցածր օգտագործման ռեժիմի» կիրառմամբ;
• հնարավորություն շփվել նույնիսկ ցածր թողունակությամբ կամ տատանվող ինտերնետ կապի պարագայում;
• պետական մարմիններից հրատապ ու նպատակային ծանուցումներ ստանալու հնարավորություն:
Օգտատերերը կարող են ներբեռնել եւ օգտագործել հավելվածը Google Play-ից, App Store-ից կամ ArtsakhX-ի պաշտոնական կայքից՝ գրանցվելով միայն արցախյան բջջային հեռախոսահամարով։