12:07 | 03.08.23 | Նորություններ | 1886

Հայաստանի 16 դպրոցում կներդրվի «ԱԲ սերունդ» ծրագիրը

Հայաստանի վեց մարզի եւ մայրաքաղաքի 16 ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող ուսումնական հաստատություններում սեպտեմբերից կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական ծրագիրը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հավանության է արժանացրել բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դպրոցների ցանկը։ Նախատեսված 10-ի փոխարեն կրթությունը կիրականացվի 16 դպրոցում։

Ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST-ի) կողմից եւ իրականացվում է ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ եւ ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ լայնամասշտաբ համագործակցությամբ։

 «ԱԲ սերունդ»-ը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր եւ խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։ Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման եւ այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

Նախատեսվում են նաեւ դասավանդող խմբի վերապատրաստումներ եւ մենտորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։

Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2026 թվականի օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել մեծաթիվ աշակերտների:

Դպրոցների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։