16:15 | 19.07.23 | Նորություններ | 1846

Zangi-ն Արցախի համար մշակել է կապի պաշտպանված համակարգ

Արցախի կառավարության եւ Zangi ընկերության միջեւ ստորագրվել է հուշագիր՝ կապի ժամանակակից եւ պաշտպանված համակարգ ստեղծելու մասին։ Նախագիծը ArtsakhX կանվանվի։

Zangi-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրել է նախագծի առանձնահատկություններն ու ArtsakhX-ի աշխատանքը։

«Աշխատանքներն սկսել էինք դեռ 6 ամիս առաջ, եւ համակարգը շատ շուտով հասանելի կլինի բոլոր արցախցիների համար։ ArtsakhX-ը ունի հետեւյալ առանձնահատկությունները՝

•    Կոդավորված է ՆԱՏՕ-ի կողմից հաստատված Military Grade End-to-End AES-GSM-256 ալգորիթմով։
•    Սերվերները եւ ամբողջ տվյալները գտնվելու են Արցախի տարածքում։
•    Արցախի ինտերնետից անջատման դեպքում շարունակելու է աշխատել՝ ապահովելով կապ Արցախի ներսում։
•    Թշնամու կողմից ՌԵՊ ռադիոէլեկտրոնային համակարգերով կապի ճնշման եւ նրա վատացման պայմաններում կարողանում է ապահովել տվյալների փոխանցում։

ArtsakhX-ը աշխարհում եզակի լուծում է, որը իրականացնում է քաղաքացիական GSM օպերատորի եւ մեսենջերային համակարգի ինտեգրացիա: Այն թույլ է տալիս ռազմականացնել քաղաքացիական ենթակառուցվածքները։

ArtsakhX-ը ստեղծվել եւ սպասարկվելու է Zangi ընկերության կողմից ամբողջովին անհատույց սկզբունքներով»,- գրել է Վահրամ Մարտիրոսյանը։