15:41 | 12.07.23 | Նորություններ | 1777
Հուլիսի 2-13-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացել է «Մաթեմատիկա» առարկայի 64-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է 618 աշակերտ 112 երկրից։
Հայաստանի թիմը ներկայացել է 6 աշակերտով՝ 4 դպրոցական Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից, եւս երկուսը՝ «Քվանտ» վարժարանից: Օլիմպիադան անցկացվել է երկու տեսական փուլերով։
Ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի սաներ Կամո Միրաքյանը եւ Արեգ Մկրտչյանն արժանացել են արծաթե, նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Վահան Բաղդասարյանը եւ «Քվանտ» վարժարանի սաներ Համլետ Պետրոսյանն (12-րդ դասարան) ու Աղասի Դարբինյանը (10-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների, իսկ ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը՝ գովասանագրի։
Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Սմբատ Գոգյանը (ԳԱԱ, «Քառակուսի» կրթական հիմնադրամ), Գուրգեն Ասատրյանը (ՀՊՄՀ) եւ Տիգրան Մարգարյանը (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց)։
Նշենք, որ Մաթեմատիկայի 63-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է առցանց ձեւաչափով, Հայաստանի թիմն արժանացել էր 2 արծաթե եւ 4 բրոնզե մեդալների։