17:03 | 27.06.23 | Նորություններ | 7997
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում տեղադրել են արեւային էներգիայով եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող շարժական «էլեկտրական հովիվներ»:
Դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը եւ ապամոնտաժվում կարճ ժամանակահատվածում:
Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ «էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլից հետո նույն տարածքում կենդանիների համար խոչընդոտներ են ստեղծվել:
«Հերմոն գյուղի վարչական տարածքում տեղադրված «էլեկտրական հովիվը» ծածկում է 1 հա տարածք: Այն կանխում է կենդանիների ներխուժումը եւ թույլ է տալիս խուսափել հնարավոր վնասներից»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը:
Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նվիրատվության արդյունքում Եղեգիս խոշորացված համայնքում ֆերմերային յոթ տնտեսության պահպանման հարց է կարգավորվում:
Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն՝ հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով՝ այլեւս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Համակարգը բաղկացած է արեւային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, էլեկտրական ցանկապատի գեներատորից եւ հեշտ մոնտաժվող ու ապամոնտաժվող ցանկապատից: