11:02 | 27.06.23 | Նորություններ | 17315

Ucom-ի տեխնիկական աջակցությամբ Երեւանում անցկացվել է BarCamp-ը

Յուքոմ ընկերության տեխնիկական աջակցությամբ հունիսի 24-ից 25-ն անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան ամենամեծ՝ ԲարՔեմփ Երեւան (չ)կոնֆերանսը:

ԲարՔեմփ Երեւանը միավորում է ՏՏ եւ մեդիա ոլորտի հազարավոր մասնագետների: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«Ucom-ն արդեն մի քանի տարի է, որ պատրաստակամությամբ է աջակցում ԲարՔեմփ Երեւանին: Ի դեպ, մեր ընկերության մասնագետները այս կարեւոր իրադարձության ամենաակտիվ մասնակիցներից են, քանի որ այն շարունակաբար ձեւավորում եւ ոգեշնչում է Հայաստանի տեխնոլոգիական համայնքը», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԲարՔեմփ Երեւան 2023-ին անցկացվել են վարպետության դասեր հայկական ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, իսկ հրավիրված օտարերկրյա մասնագետների ներկայացրած թեմաները վերաբերում էին արհեստական բանականությանը, մեքենայական ուսուցմանը, քվանտային տեխնոլոգիաներին, ամպային եւ սերվերազերծ տեխնոլոգիաներին, կիբերանվտանգությանը եւ տիեզերական տեխնոլոգիաներին։

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձեւաչափ է: ԲարՔեմփ Երեւան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, որոնք հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից: