12:40 | 14.06.23 | Նորություններ | 1638
Reddit-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Սթիվ Հաֆմանը կորպորատիվ նամակ է ուղարկել աշխատակիցներին՝ կապված սոց․ ցանցի ավելի քան 8000 համայնքի (subreddit) գործունեության դադարի հետ:
Այս մասին գրում է The Verge-ը, որի տրամադրության տակ է հայտնվել կորպորատիվ նամակը։
Ըստ Հաֆմանի՝ սա «էական ազդեցություն չի ունեցել» ընկերության եկամուտների վրա եւ մինչեւ հունիսի 14-ը համայնքների մեծ մասը կդադարեցնի բողոքի ակցիաները: Հաֆմանը նշել է նաեւ, որ դրա պատճառով սովորականից շատ աղմուկ է բարձրացել, սակայն վճարովի API-ի ներդրման ընկերության որոշումը չի փոխվի։
Հաֆմանը խորհուրդ է տվել անտեսել հայփը։ «Ինչպես բոլոր սկանդալները, այս մեկը նույնպես կանցնի»,- գրել է նա։ Բացի այդ, Հաֆմանն աշխատակիցներին նախազգուշացրել է զգուշավոր լինել հանրության մեջ Reddit-ի տարբերանշանով առարկաներ կրելու հարցում: «Ոմանք չափից դուրս շատ են վրդովված, եւ մենք չէինք ցանկանա, որ դուք դառնաք նրանց հիասթափության առարկան», - ասել է Հաֆմանը:
Reddit-ն առաջին անգամ հայտարարեց, որ կփոխի իր API-ի գները ապրիլին՝ դիրքավորելով փոփոխությունները որպես գումար վաստակելու միջոց այն ընկերություններից, որոնք օգտագործում են Reddit-ի տվյալները՝ արհեստական բանականության գործիքներ մշակելու համար:
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն, պարզ դարձավ, որ փոփոխությունները կարող են մեծ գին արժենալ նաեւ երրորդ կողմի հավելվածներ եւ ծրագրեր մշակողների համար։ Այնպիսի հավելվածներ ստեղծողների, ինչպիսիք են Apollo-ն, rif-ը, ReddPlanet-ը, Sync-ը հայտարարել են, որ ստիպված են դադարեցնել գործունեությունը հունիսի 30-ին՝ նոր գնագոյացման ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ:
Վրդովված օգտատերերը կազմակերպել են համատարած սաբռեդիթների անջատումներ, ինչը կարճ ժամանակով խափանել էր Reddit-ի կայքի աշխատանքը։