15:24 | 12.06.23 | Նորություններ | 1375
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Հնդկաստանի էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության միջեւ ստորագրվել է «Թվային փոխակերպումների համար բնակչության մասշտաբով իրականացված հաջող թվային լուծումների փոխադարձ տրամադրման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:
Ստորագրված փաստաթղթով կողմերը կընդլայնեն համագործակցությունը երկու երկրների միջեւ ինստիտուցիոնալ համագործակցության խթանման, տեխնիկատնտեսական հիմնավորման, արդիականացման գնահատման եւ թվային փոխակերպման լուծումների իրականացման ոլորտներում:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը եւ Հնդկաստանի Էլեկտրոնիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության գլխավոր քարտուղար Ալկեշ Կուար Շարման:
«Ես տպավորված եմ, թե ինչպես են Հնդկաստանում, կիրառելով տեխնոլոգիաները, պայքարում աղքատության դեմ եւ ապահովում որակյալ ենթակառուցվածքների հասանելիությունը: Սա լավ օրինակ է, թե ինչպես պետք է աշխատենք եւ ինչի վրա կենտրոնանանք: Լիահույս եմ, որ միավորելով մեր ուժերը՝ կկարողանանք ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք կարող են նպաստել մարդկության կենսակերպի բարելավմանը»,- ասել է Գեւորգ Մանթաշյանը: