11:55 | 12.06.23 | Նորություններ | 1323

Մարկ Ցուկերբերգը մեկնաբանել է Apple-ի Vision Pro ակնոցը

Apple-ը ներկայացրել է իր առաջին Vision Pro ընդլայնված իրականության ակնոցը, որը վաճառքի կհանվի 2024 թվականի սկզբին՝ $3499 արժեքով։

Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ընկերության գլխամասային գրասենյակում աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Apple-ի AR ակնոցը` ասելով, որ սարքից առաջին հայացքից, համենայն դեպս, այնքան էլ տպավորված չէ։

«Լավ նորությունն այն է, որ Apple-ը չունի որեւէ կախարդական լուծում՝ շրջանցելու ֆիզիկայի օրենքների սահմանափակումները, որոնք մեր փորձագետները դեռ չեն ուսումնասիրել եւ չեն մտածել: Նրանք օգտագործել են ավելի բարձր լուծաչափով էկրաններ, սակայն ակնոցը 7 անգամ ավելի թանկ է եւ պահանջում է այնքան էներգիա, որ դրանք օգտագործելու համար անհրաժեշտ է մարտկոցը զուգահեռ լիցքավորել լարով»,- ասել է Մարկ Ցուկերբերգը։

Նրա խոսքով՝ Vision Pro-ն ցույց է տալիս, որ Apple-ը եւ Meta-ն ունեն տարբեր արժեքներ եւ ընդհանուր տեսլական AR եւ VR սարքերի զարգացման համար։ Meta-ն փորձում է ոչ միայն նորամուծություններ կատարել իր սարքերում, այլեւ գաջեթները հասանելի դարձնել սպառողներին։ Ցուկերբերգն ընդգծել է, որ հենց այդ պատճառով ընկերությունն արդեն վաճառել է Quest շարքի տասնյակ միլիոնավոր VR սարքեր։

Նա նաեւ նշել է, որ իր շնորհանդեսում Apple-ը ցույց է տվել, թե ինչպես են մարդիկ միայնակ օգտագործում Vision Pro-ն։ Ցուկերբերգի խոսքով՝ իր ընկերությունն այլ տեսլական ունի, եւ այն փորձում է սպառողներին առաջարկել փոխգործակցության եւ սոցիալականացման նոր ուղիներ։

«Բոլոր տեսանյութերում նրանք ցույց են տվել, թե ինչպես է Vision Pro-ն օգտագործում բազմոցին մենակ նստած մարդը։ Իհարկե, սա կարող է լինել ապագա համակարգիչների տեսլականը, բայց սա այն չէ, ինչ ես եմ ուզում»,- նշել է Ցուկերբերգը։

Ելույթի վերջում Meta-ի ղեկավարն ասել է, որ Apple-ի պրեզենտացիան իրեն ոգեշնչել է ու լավատեսությամբ լցրել։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին` Apple-ի Vision Pro-ի պրեզենտացիայից օրեր առաջ, Meta-ն ներկայացրել էր Quest 3 VR ակնոցը, որի արժեքն սկսվում է $499-ից: Այն վաճառքում կհայտնվի 2023 թվականի աշնանը։