16:15 | 09.06.23 | Նորություններ | 4093

Instigate-ը գիտահետազոտական նպատակով ձեռք է բերել առագաստանավ

«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն իր նախագծերը զարգացնելու համար ներդրում է կատարել նավարկության ոլորտում՝ գիտահետազոտական եւ բիզնես նպատակներով ձեռք բերելով սեփական առագաստանավը։

 Այն հնարավորություն կտա փորձարկել եւ զարգացնել ընկերության մշակած անվտանգության ապահովման համակարգերը, որոնք կիրականացնեն ցերեկային եւ գիշերային տեսահսկում՝ թույլատրելով նավարկողին ննջել ճանապարհորդության ընթացքում։

«Նավարկության ոլորտում մշակումները սկսել ենք «Սինգապուր Թեքնոլոջիս» ընկերության հետ 2013 թվականին՝ սինգապուրյան նավահանգստի սահմանապահ ինքնագնաց ռազմանավերի համար մշակելով իրավիճակային իրազեկման, ինքնաղեկավարման, տեղորոշման, կապի եւ անվտանգության համակարգեր», - նշել է «Ինստիգեյթ» ՓԲԸ համահիմնադիր Վահագն Պողոսյանը։

Այժմ ընկերությունն իրականացնում է նաեւ հետազոտություններ քամուց արագ նավարկության խնդրի լուծումը գտնելու վերաբերյալ, որը նորարարություն է նավարկության ոլորտում։

«Հայաստանյան շուկայում գործող այն ընկերությունները, որոնք զբաղվում են նավարկության ոլորտում խելացի լուծումների մշակմամբ, կարող են ծովում փորձարկել իրենց լուծումները՝ դիմելով «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն»-ին», - նշել է «Ինստիգեյթ» ՓԲԸ տնօրեն Արման Պողոսյանը։