15:18 | 25.05.23 | Նորություններ | 4408
Աշխարհի մի շարք առաջատար լրատվամիջոցներ այսօր հոդվածներ են հրապարակել Հայաստանում իսրայելական արտադրության Pegasus ծրագրի միջոցով լրագրողների եւ իրավապաշտպանների հեռախոսների գաղտնալսման դեպքերի մասին:
Reuters-ի հրապարակման մեջ ասված է, որ Access Now կազմակերպությունը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, թվային պաշտպանության հայկական CyberHUB-AM հարթակը եւ անկախ փորձագետ Ռուբեն Մուրադյանը հաստատել են առնվազն 12 դեպք, երբ իսրայելական NSO Group-ի արտադրած հետախուզական ծրագիրը օգտագործվել է Հայաստանի պաշտոնյաների եւ լրագրողների գաղտնալսման համար:
Access Now-ի ներկայացուցիչ Նատալյա Կրապիվան նշել է, որ իրենց հաջողվել է բացահայտել միայն «այսբերգի գագաթը»: «Թիրախավորումը բավականին լայն է եղել», - ասել է նա:
Reuters-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ, ովքեր գաղտնալսվել էին:
Forbes-ի կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ Հայաստանի ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանի հեռախոսը 2020թ. հոկտեմբերի եւ 2021թ. հուլիսի միջեւ ընկած ժամանակահատվածում արտաքին ներգործության է ենթարկվել առնվազն 27 անգամ:
The Guardian-ի հոդվածում ասվում է, որ Pegasus-ի թիրախում էին հայտնվել նաեւ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողներ Կառլեն Ասլանյանը եւ Աստղիկ Բեդեւյանը:
Այս թեմայով հոդվածներ են հրապարակել նաեւ Techcrunch պարբերականը եւ իսրայելական The Haaretz-ը: Վերջինիս հոդվածում նշվում է, որ Pegasus-ը թիրախավորել էր նաեւ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին: