11:46 | 25.05.23 | Նորություններ | 1555

Երեւանում կանցկացվի Կապի եվրոպական գագաթնաժողով 2023-ը

Հունիսի 6-7-ը Երեւանում «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա եւ տարածաշրջան» խորագրի ներքո կանցկացվի Կապի եվրոպական գագաթնաժողովը։

Դրա նպատակն է համախմբել մասնագետներին եւ շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:

Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց մոտ 2,7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի` կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից եւ բնակչության սակավությունից։ Իսկ հասանելիություն ապահովելը պահանջում է նոր` ոչ ավանդական մոտեցումներ:

Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝

●    Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները,
●    Լրացուցիչ ինտերնետ հասանելիության եւ ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը եւ նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը,
●    Ուսուցման եւ վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ գագաթնաժողովի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը եւ Հայաստանի օպերատորների միությունը։