15:28 | 24.05.23 | Նորություններ | 1676

OpenAI-ի տնօրենի առաջարկը՝ AI-ի գլոբալ կարգավորման վերաբերյալ

OpenAI-ի համահիմնադիր եւ ղեկավար Գրեգ Բրոքմանն առաջարկել է արհեստական բանականության վերաբերյալ կոլեկտիվ որոշումներ կայացնել Վիքիպեդիայի նմանությամբ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Բրոքմանը AI Forward 2023 միջոցառման ընթացքում ներկայացրել է, թե ինչպես են փորձում կարգավորել ու վերահսկել արհեստական բանականությունն ամբողջ աշխարհում:

Նրա նախանշած մոդելներից մեկը նման է Վիքիպեդիային, ըստ որի՝ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ միավորվել եւ համաձայնեցնում են հանրագիտարանի գրառումները:

«Սիլիկոնային հովտում պարզապես նստած՝ չենք մտածում, որ կարող ենք գրել կանոններ բոլորի համար», - ասել է Բրոքմանը՝ խոսելով AI քաղաքականության վերաբերյալ, «մենք մտածում ենք ժողովրդավարական որոշումներ կայացնելու մասին»։

Բրոքմանն իր բլոգում ավելի վաղ գրել էր, որ ամբողջ աշխարհի կառավարությունները պետք է համակարգված աշխատեն արհեստական բանականության անվտանգ զարգացումն ապահովելու ուղղությամբ:

ChatGPT-ի գործարկումից հետո գեներատիվ AI-ի մեծ ալիքի արդյունքում արհեստական բանականությունը դարձել է անհանգստության առարկա՝ կեղծ նկարներ եւ այլ ապատեղեկատվություն ստեղծելու պատճառով:

Բրոքմանը նշել է նաեւ այլ ոլորտների փորձը․ օրինակ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) պես մարմինը կարող է սահմանափակումներ դնել տեղակայման, անվտանգության չափանիշներին համապատասխանության եւ հաշվողական հզորության օգտագործման վրա:

Մեկ այլ առաջարկ էլ AI կարողությունների տարեկան աճը սահմանափակող գլոբալ համաձայնագիրն է կամ համատեղ գլոբալ նախագիծը, որին կարող են մասնակցել խոշոր երկրների կառավարությունները:

OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանն անցյալ շաբաթ տարբեր գաղափարներ է առաջարկել ամերիկացի օրենսդիրներին՝ արհեստական ինտելեկտի համար պաշտպանիչ միջոցներ ստեղծելու համար. դրանցից մեկն արհեստական ինտելեկտի ամենաբարդ մոդելները զարգացնելու արտոնագրերի սահմանումն է եւ համապատասխան կառավարման ռեժիմի ստեղծումը: